ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (համալսարան) շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 22-24-ը, հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը:
«Ֆորումի, ինչպես նաև 2015 թվականի ՄՀՄՊԻ-ի բազմաթիվ նախագծերի և միջացառումների ծրագրում կարևոր տեղ է զբաղեցնում արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի 200-ամյակն ու արևելյան հետազոտությունների զարգացման խնդիրը», — նշվում է հաղորդագրության մեջ:
Ֆորումի շրջանակում լիագումար նստաշրջանների ձևաչափում նախատեսված են ՄՀՄՊԻ-ի լավագույն շրջանավարտների ելույթները հետևյալ թեմաներով` «Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի 200-ամյակը», «XXI դարի տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներն ու տնտեսական դիվանագիտությունը», «Մերձավոր Արևելքի նոր իրավիճակը», «Բացվող Իրան», «Եվրասիական ինտեգրացիոն գործընթաց»:
Ամենամյա ֆորումը համալսարանական միության գլխավոր իրադարձությունն է: Այն արդեն երրորդ անգամ է մեկ հարթակում հավաքում ամբողջ աշխարհի շրջանավարտներին:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ֆորումի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան կժամանեն աշխարհի 50 երկրներից ավելի քան 300 ներկայացուցիչներ:
Ֆորումի հանդիսավոր բացման արարողության ժամանակ, որը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին, ելույթ կունենան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու ՄՀՄՊԻ ռեկտոր, ակադեմիկոս Անատոլի Տորկունովը:
Ֆորումի շրջանակում տեղի կունենա նաև արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումն ու այդ առիթով «Հայփոստ» ընկերության թողարկած դրոշմանիշների մարման արարողությունը:
Լազարյան ճեմարանը հիմնադրվել է 1815 թվականին Մոսկվայում` մեծահարուստ Լազարյանների նախաձեռնությամբ և միջոցներով։ Սկզբում եղել է տարրական տիպի մասնավոր դպրոց և կոչվել է Հայկական Լազարյան (Ղազարյան) ուսումնարան։
1827 թվականին վերանվանվել է Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտ (հայկական աղբյուրներում ավանդաբար կոչվել է Լազարյան ճեմարան)՝ ենթարկվել է ժողովրդական կրթության նախարարությանը։ 1830-ական թվականներից ստացել է 2-րդ աստիճանի ուսումնական հաստատության իրավունք՝ 5-ամյա ուսուցմամբ։ 1841 թվականին ճեմարանին կից բացվել է հոգևոր բաժին:
1848 թվականի կանոնադրությամբ Լազարյան ճեմարանը դասվել է պետական առաջին աստիճանի դպրոցների՝ լիցեյների կարգը ութամյա ուսուցմամբ՝ գիմնազական ութ և լիցեյական երկու դասարաններով։ Վերջին երկու դասարաններում դասավանդվել են արևելյան լեզուներ։ Նոր կանոնադրությամբ ճեմարանն ընդունել է շեշտված արևելագիտական բնույթ։ Պատրաստվել են թարգմանիչներ, դիվանագիտության բնագավառի աշխատողներ, արևելյան լեզուների դասատուներ։
1872 թվականի նոր կանոնադրությամբ` Լազարյան ճեմարանը կազմվել է երկու ուսումնական հաստատություններից՝ դասական գիմնազիայից և եռամյա ուսուցմամբ մասնագիտական դասարաններից (արևելյան լեզուների ֆակուլտետ), որ ստեղծվել էին լիցեյական դասարանների հիման վրա։ Արևելյան լեզուների ֆակուլտետն իր ուսումնական մակարդակով համապատասխանել է բարձրագույն ուսումնական հաստատություններին։