ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության «Մասնագիտությունը` լրագրող» ծրագրի շրջանակում հայտնի դարձավ, որ եվրոպական ամենամասշտաբային երաժշտական շոուին Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը:
Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, «Եվրատեսիլի» այս տարվա պատվիրակի գլխավոր ցանկությունը եվրոպական բեմում հայկական ջերմությունը և եվրոպական շունչը համատեղ ներկայացնելն է:
«Անչափ ուրախ եմ և շնորհակալ Հանրային հեռուստաընկերությանը, ում կողմից ընտրվել եմ ներկայացնելու իմ հայրենիքն այս տարի Եվրատեսիլին: Յուրաքանչյուրիդ ամեն խոսքն ու կարծիքը ինձ անչափ ոգևորում և ուժ է տալիս: Հուսով եմ կլինեք կողքիս այս պատասխանատու և կարևոր ճանապարհին»,- նշում է Իվետա Մուկուչյանը:
Զուգահեռաբար Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է երգահանների մրցույթ և սպասում աշխարհի բոլոր ծայրերից յուրատիպ և հետաքրքիր աշխատանքների: Երգերն անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 13-ը ուղարկել selection@armtv.com էլեկտրոնային հասցեին: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Առաջին ալիքի պաշտոնական www.1tv.am և www. eurovision.am կայքերում:
Իվետա Մուկուչյանը ծնվել է 1986թ.-ին Հայաստանում: 5 տարեկանից նրա ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, սակայն 20 տարի այնտեղ ապրելուց հետո, Իվետան որոշում է կայացրել վերադառնալ իր արմատներին՝ Հայաստան:
Նա սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ուսման տարիներին էլ hասկացել, որ իր ինքնադրսևորման հիմնական միջոցը և կոչումը երաժշտությունը պետք է լինի: 2012 թ-ին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծին:
Քրտնաջան աշխատանքի արդյունքում այսօր Իվետան արդեն ճանաչված երգչուհի է, ինչպես նաև մի շարք երգերի հեղինակ, ով զուգահեռաբար գործունեություն է ծավալում Հայաստանում և Գերմանիայում: Իր իսկ բնութագրմամբ` «մտածում է գերմանացու նման, սիրում ՝ հայի»:
Եվրատեսիլի պատմության մեջ երկրորդ անգամ մրցույթը կանցկացվի «Գլոբ» արենայում:
«Եվրատեսիլ-2016»-ի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 10-ին և 12-ին, իսկ եզրափակիչ փուլը՝ մայիսի 14-ին:
Պետք է նշել, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթում կանոնների փոփոխություններ են կատարվել։ «Եվրատեսիլ 2016»-ին Մեծ հնգյակի երկրների (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա) և մրցույթը հյուրընկալող Շվեդիայի ներկայացուցիչներն իրենց ելույթները սկսելու են կիսաեզրափակիչ փուլից, սակայն ինքնաբերաբար հայտնվելու են եզրափակիչում։ Նրանք կունենան կիսաեզրափակիչի մյուս մասնակիցների համար քվեարկելու իրավունք։
«Եվրատեսիլ 2015»–ի եզրափակիչ փուլը անցել է մայիսի 23-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Մրցույթի հաղթող է դարձել Մանս Զելմերլոուն Շվեդիայից (365 բալ), երկրորդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Գագարինան (303 բալ), երրորդը` իտալական Il Volo խումբը (292 բալ)։ Հայաստանն 2015 թվականին ներկայացնում էր Genealogy խումբը, որը զբաղեցրել է 16-րդ տեղը։
Հայտնի է «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակցի անունը
19:57 13.10.2015 (Թարմացված է: 20:33 13.10.2015)
© Официальный сайт ОТАИветта Мукучян
Բաժանորդագրվել
«Եվրատեսիլի» այս տարվա պատվիրակի գլխավոր ցանկությունը եվրոպական բեմում հայկական ջերմությունը և եվրոպական շունչը համատեղ ներկայացնելն է: