ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը, չորեքշաբթի կառավարության հարցուպատասխանի ընթացքում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Եթե բանակցությունները չշարունակվեն, և խոսք կլինի ռազմական գործողությունների մասին, ապա Հայաստանը` որպես Արցախի անվտանգության երաշխավոր, համապատասխան քայլեր կձեռնարկի` ներառյալ Արցախի անկախության ճանաչումը»,– ասել է Նալբանդյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտում է ոչ առաջին անգամ, դա արվում է մշտապես, իսկ վերջին ժամանակ` ավելի ակտիվ։
Նախարարն ընդգծել է, որ Մինսկի խմբի համանախագահներն արդեն հանդես են եկել համապատասխան նպատակաուղղված հայտարարություններով այն մասին, թե ով է խախտումների մեղավորը, և հայտարարում են իրավիճակի վերահսկողության մեխանիզմների ստեղծման անհրաժեշտության մասին։
«Հայաստանը համաձայն է նոր առաջարկության հետ, սակայն Ադրբեջանը դրան դեմ է, ինչի կապակցությամբ խախտումների և միջադեպերի պատասխանատվությունը պաշտոնական Բաքվի վրա է»,– ասաց Նալբանդյանը։
Ըստ նրա` համանախագահների նախաձեռնությանը կողմ են ոչ միայն միջազգային կառույցները, այլ նաև ԱՄՆ–ի խորհրդարանականները և կոնգրեսականները։
«Մենք նաև ողջունում ենք նման նախաձեռնությունը, քանի որ ինքներս ենք կոչ անում անհրաժեշտ քայլեր կատարել հրադադարի ռեժիմի ամրապնդման, առաջնային գծից դիպուկահարներին հետ տանելու, համապատասխան մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ, սակայն այդ նախաձեռնությանը դեմ է Ադրբեջանը»,– ասել է Նալբանդյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-