ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. «Լունապարկում» «Ամերիկանսկիե գորկի» կոչվող կարուսելի պոկվելու հետևանքով հոկտեմբերի 3-ին վնասվածքներ են ստացել «Ա1+» հեռուսատաընկերության տնօրենն ու նրա թոռնիկը, հայտնում է Ա1+–ը:
«Վնասվածքներ ես էլ, թոռնիկս էլ ստացել ենք: Առաջին բուժօգնություն ստացվել է, բայց ոչ իրենց կողմից կազմակերպած։ Ես թոռնիկիս վերցրեցի և գնացինք մեր ընտանեկան բժշկի մոտ, որը և ցույց տվեց առաջին օգնությունը: Մինչև հիմա էլ ես վատ եմ քայլում և ցավեր ունեմ մարմնի տարբեր մասերում», - նշում է «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը:
Մեսրոպ Մովսեսյանին ոչ այնքան զայրացրել է դեպքից հետո «Լունապարկի» աշխատակիցների անտարբեր վերաբերմունքը, որքան դեպքի վերաբերյալ տնօրեն Սուրեն Գուլինբարյանի հայտարարությունը, թե` «նման բան չի եղել»:
«Ինձ շատ զարմացրեց այն լկտիությունը, որ ես կարդացի տարբեր կայքերում: Դեպքից հետո իմ որոշումը եղել էր այն, որ հաջորդ օրը պետք է գնամ ու հորդորեմ «Լունապարկի» տնօրինությանը, որ դեմոնտաժ արվի այդ սարփասելի վիճակում գտնվող ատրակցիոնը, որը կարող է երեխաների կյանք խլել: Լկտիությունը ստիպեց, որ ես խոսեմ բոլորի առջև, խնդրում եմ՝ հեռու մնացեք «Լունապարկից», այդ լկտիությունն ապացուցեց, որ նրանք շարունակելու են աշխատել նման ձևով և հաստատ վնաս հասցնել երեխաներին», - ասում է Մեսրոպ Մովսեսյանը:
«Սա առաջին դեպքը չէ, և հուսով եմ ու ես ամեն ինչ կանեմ, որ սա լինի վերջին դեպքը, որ «Լունապարկում» որևէ մեկը վնասվածք չստանա, ու Աստված մի արասցե՝ կյանքից զրկվի: Վիճակը, որում գտնվում էր այդ ատրակցիոնը, ով էլ որ գնա օգտվի, միանգամից կհասկանա, որ դա մահի հետ խաղ է: Ես գտնում եմ, որ տնօրինությունը մտածելու բան ունի, հայտարարություն անելուց առաջ երևի պետք է մի քիչ ուղեղով մտածել՝ ինչ հայտարարություն են անում»,- նշել է Մովսեսյանը:
Ի դեպ, պատահածի մասին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը ԶԼՄ-ների հրապարակումներից է տեղեկացել։
Հերքելով հանդերձ՝ օրվա վերջում «Լունապարկի» տնօրինությունը պարզաբանում տարածեց, թե տեղի է ունեցել կարուսելի դետալներից մեկի խափանում: