ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհի ամենագեղեցիկ քրիստոնեական 23 տաճարների ցանկում, որը կազմել է The Daily Telegraph-ը, նաև հայկական եկեղեցիներ են։
Ըստ հրատարակության` ամենագեղեցիկ եկեղեցիների շարքում երրորդը Իրանում գտնվող Բեթղեհեմի հայկական եկեղեցին է: 17-րդ դարի հայկական այս եկեղեցին Սպահանում է, ունի 72 հրաշագեղ որմնանկարներ, աչքի է ընկնում հատկապես գմբեթի գեղեցկությամբ, դետալներով: Նշվում է, որ այս եկեղեցին ամեն ինչ է տեղի 7 հազար հայերի համար, ովքեր թեև ստիպված են իսլամական «դրես կոդ» պահել պարսկական իրականության մեջ, սակայն ունեն իրենց ինքնությունը, մշակույթը, լեզուն և 16 եկեղեցիները:

Ցուցակում է Իրանի մեկ այլ հայկական տաճար` սուրբ Ստեփանոս եկեղեցին։ Սուրբ Ստեփանոս վանքը կամ Մաղարդավանքը 9-րդ դարի հայկական կրոնական համալիր է, գտնվում է Ջուղա քաղաքից 15 կմ դեպի հարավ-արևմուտք` Արաքս գետի աջ ափին բարձրացող Մաղարդա լեռան լանջին։ Ըստ XII դ. ասորի ժամանակագիր Միքայել Ասորու` Վանքը հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը: Եկեղեցին գրանցված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մեջ` Իրանի հայկական Սուրբ Թադեի և Ծոր Ծոր վանքերի հետ միասին։

Ցուցակում է նաև Սուրբ Ծննդյան տաճարը Բեթղեհեմում, որը ըստ հավատալիքների, կառուցված է Քրիստոսի ծննդյան վայրում: 4-րդ դարի եկեղեցին ունի հայկական խորան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ցուցակի այս կոթողը համատեղության կարգով պատկանում է Երուսաղեմի ուղղափառ, Հայ առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցիներին։ Հայ առաքելական եկեղեցին զբաղեցնում է հարավ-արևմտյան հատվածը, ունի հայկական խորան:

Հրատարակությունն իր ցանկում առաջինը նշել է Կոլումբիայի Լաս Լախաս տաճարը, որը կառուցվել է այն վայրում, որտեղ 1754 թվականին առաջին անգամ ժայռի վրա հայտնվել է Կույս Մարիամի լուսարձակ պատկերը, և որտեղ, մինչ ներկա կառույցի շինարարությունը, արդեն կառուցվել էին մի քանի եկեղեցիներ: Սբ. Կույս Մարիամը (կամ Մարիամ Աստվածածինը) Կոլումբիայի և տեղացի հնդկացիների գլխավոր սրբությունն է, որոնք համարում են նրան տարածքների սուրբ պաշտպան և իրենց թագուհի: Այս տաճարի շինարարությունը, որը չորրորդ կառույցն է այս վայրում, սկսվել է 1916 թվականին և ավարտվել 1949-ին:
Ցանկում երկրորդը Նորվեգիայի Փայտե Բորգունդ Լերդալ եկեղեցին է, որը կառուցվել է 1180թ-ից մինչև 1250 թթ-ը` ծառի երկար ճյուղերից։ Շինության բարձրությունը` 37 մետր է։
Աշխարհի ամենագեղեցիկ տաճարների թվում են նաև աշխարհահռչակ Լալիբելայի տաճարը Եթովպիայում և Գաուդիի նախագծած Սրբազան ընտանիքի տաճարը Իսպանիայում: