ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Արվեստը զոհեր է պահանջում, բայց մարդը հանուն արվեստի կարող է զոհել միայն սեփական անձը, Պատրիկ Զյուսքինդի «Օծանելիք» վեպի քննարկման ժամանակ ասել է հայտնի երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
Գերմանացի դրամատուրգ և արձակագիր Պատրիկ Զյուսքինդի «Օծանելիք» (գերմ.՝ Das Parfum) վեպն այսօր Ռեմարկի ժամանակներից ի վեր գերմաներեն գրված ամենահայտնի վեպն է համարվում: Գիրքը հրատարակվել է բազմաթիվ անգամ, ընդհանուր տպաքանակը գերազանցել է 12 միլիոնը: Թարգմանվել է 42 լեզվով, ներառյալ՝ լատիներեն:
Զյուսքինդը պատմում է մի մարդու մասին, որի «հանճարն ու աննախադեպ փառասիրությունը սահմանափակվել են պատմության մեջ հետք չթողնող ոլորտով` հոտերի ցնդող թագավորությամբ»: Նա սպանում էր գեղեցիկ կանանց «սիրո» աներևակայելի «բույր» ստեղծելու համար:
«Հաշվի առնելով Գրենույի կյանքի հանգամանքները` մարդիկ կարող էին նրան հրեշ անվանել: Ինձ էլ է թվում, որ ինչ-որ հրեշային բան կա նրա մեջ»,- ասել է Պեպելյանը:
Ընդհանուր առմամբ, նա խոստովանել է, որ դժվար է ընթերցել գիրքը, քանի որ իր միջով է անցկացրել ամբողջ սյուժեն:
Ըստ նրա, գլխավոր հերոսի բացառիկ պարգևը նրան ոչինչ չտվեց: Պեպելյանը համարում է, որ վեպի հանգուցալուծումը այնքան էլ հաջողված չէ:
«Գրենույը սիրո կարիք ուներ, որից զրկված էր ծննդյան պահից: Նա ինքնահաստատվելու կարիք ուներ, ուզում էր զգալ սեփական նշանակությունը»,- ասել է Պեպելյանը:
Երգչուհին ցանկանում է հավատալ, որ վեպի ուղերձն այն է, թե յուրաքանչյուր մարդ այս աշխարհ է գալիս որոշակի առաքելությամբ:
«Կարևոր է, որ այդ առաքելությունը կատարվի»,- ավելացրել է նա:
Պեպելյանը պատմել է նաև, որ անձամբ ինքը շատ զգայուն է հոտերի նկատմամբ:
«Երեկոյան, երբ տուն եմ վերադառնում, ես հոտով կարող եմ իմանալ, թե մեզ ով է հյուր եկել: Բոլոր ընկերներիս կարող եմ ճանաչել հոտով»,- ասել է Պեպելյանը:
Գրքի քննարկումն անցկացվել է «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի շրջանակում, որը նախաձեռնել է Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը: Միջոցառմանը նպատակը երիտասարդների շրջանում ընթերցանություն քարոզելն է: