ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հայտնի ֆրանսահայ ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը Հայաստանում է։
Լրագրողների հետ ուրբաթ հանդիպման ժամանակ նա հայտնել է, որ երջանիկ կլիներ Հայաստանի հավաքականի մարզիչ դառնալ։ Սակայն, ֆուտբոլիստի խոսքերով, դա իրենից կախված չէ։
«Ես այն մարդը չեմ, ով լուծում է այդ հարցը, սակայն վատ չէր լինի։ Իմ երակներում հայկական արյուն է հոսում, և ես կցանկանայի օգնել Հայաստանի հավաքականին», – ասաց ֆուտբոլիստը։
Խոսելով Հայաստանի հավաքականի հեռանկարների մասին` Ջորկաեֆը նշել է, որ թիմին մեծ ապագա է սպասում։ «Ես կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը մեծ ապագա ունի։ Չնայած որ Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում նա վատ խաղաց», – նշել է Ջորկաեֆը։
Նրա խոսքերով` Հայաստանում նոր մարզադաշտեր, ենթակառուցվածքներ են կառուցվում, ինչը հետագայում կարող է դրական ազդել ֆուտբոլիստների խաղի որակի վրա։
«Հատկապես հեռանկարներ եմ տեսնում մանկական ֆուտբոլում։ Հայաստանը սպորտային երկիր է, այստեղ ամեն ինչ արվում է երիտասարդ մարզիկներին աջակցելու համար», – ասել է ֆուտբոլիստը։
Ուրբաթ Երևանում տեղի ունեցած բարեգործական ընկերական հանդիպման ժամանակ Ջորկաեֆը խաղաց ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի հավաքականի կազմում լրագրողների թիմի դեմ։
Շաբաթ օրը Ջորկաեֆը կմասնակցի վազքի RunArm 2015 կիսամարաթոնին, որն առաջին անգամ կանցկացվի Երևանում։