Հայաստանի ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել են ՀԱՊԿ–ի Հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽՈՒ) «Անքակտելի եղբայրություն 2015» զորավարժությունները, որոնք կտևեն սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 4-ը։
Զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված երկրների`Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի, ոստիկանության ստորաբաժանումները և ներկայացուցիչները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև ՀԱՊԿ–ի Միացյալ շտաբի և ՀԱՊԿ–ի քարտուղարության ներկայացուցիչները։
Զորավարժության հիմնական նպատակներն են ամրապնդել փոխըմբռնումը և համագործակցությունը զորավարժություններում ներգրավված ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ զորախմբերի միջև, խաղաղապահ գործողության նախապատրաստման փուլում և խաղաղապահ խնդիրների լուծման ընթացքում ՀԱՊԿ ՀԽՈՒ զորախմբերի (ստորաբաժանումների) կառավարման բոլոր մակարդակների հրամանատարների և շտաբերի գործնական հմտությունների բարելավումը, հակամարտության դադարեցման և մեկուսացման խնդիրների լուծման միասնական մտահղացման մշակումը։
Զորավարժության գործնական փուլում նախատեսվում է իրականացնել բանակցությունների վարման, մարդասիրական բեռների ուղեկցման, անցակետերում և դիտակետերում պարեկային հերթապահության ու ծառայության կազմակերպման, զինյալների ճամբարների մեկուսացման և չեզոքացման կարողություններ զարգացման խնդիրներ։

















