ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի ժամանակ հանդես է եկել ելույթով։
Երևանի ռազմաքաղաքական պատասխանը Բաքվի ագրեսիային
Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանը կիրականացնի անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը, հայտարարեց Սարգսյանը:
Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ կարևորագույն խնդիրներից մեկը տարածաշրջանում։ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքում այսօր ոչ միայն էական առաջընթաց չկա խնդրի կարգավորման բանակցային գործընթացում, այլև արձանագրվել է լարվածության աճի միտում:
«Նավթի վրա կառուցված տնտեսության սասանման պայմաններում հասունացող ժողովրդական ցասումը խեղդելու համար այդ երկրի բռնակալ ռեժիմը խայտառակ ճնշումները գործիք է դարձրել, ինչը, սակայն, այլևս անբավարար է համարում: Հիմա նրան սեփական հասարակության ուշադրությունը շեղող պատկերներ են պետք շփմանշարուն գծից»,- ասաց Սարգսյանը:
Նախագահը վեհաժողովի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանը, ի լրումն տարատեսակ սադրիչ գործողությունների, արդեն սկսել է կիրառել խոշոր տրամաչափի հրետանի՝ կրակի տակ պահելով ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանամերձ շրջանների խաղաղ բնակավայրերը:
«Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի սահմանամերձ գոտում ադրբեջանական ռմբահարման զոհ դարձան երեք կին՝ իրենց տանը, իրենց այգում խաղաղ աշխատող հայ կանայք»,- ասաց նախագահը` հարց տալով` կա՞ որևէ բանական արարած, ով կարող է որևէ չխեղված տրամաբանություն ցույց տալ նման վայրագության մեջ:
«Մեզ համար արդեն ակնհայտ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը անդառնալիորեն կորցրել է ոչ միայն իրականության զգացողությունը, այլև մարդկային բոլոր նորմերը: ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարող Ադրբեջանի՝ նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնում. մենք կիրականացնեք անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը»,- ասաց նախագահը:
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանում հյուրընկալված Եվրոպական խաղերի ընթացքում, երբ նրանց անհրաժեշտ էր կայունության պատկեր, գրեթե ոչ մի կրակոց չի հնչել սահմանին, մինչդեռ խաղերից անմիջապես հետո, դրանք լայնորեն վերսկսվեցին:
«Չեմ ակնկալում, որ հավատաք որևէ կողմի պնդումներին, ընդամենն ակնկալում եմ, որ ապավինեք տրամաբանությանը»,- ասաց Սարգսյանը:
Սարգսյանը տարօրինակ անվանեց 21-րդ դարում ամեն օր, առանց հոգնելու, Ադրբեջանի հպարտանալը սպառազինությունների գերկուտակմամբ և ռազմական բյուջեի բազմապատկմամբ, և այդ երկիրը համառորեն շարունակում է հանդես գալ պատերազմը վերսկսելու սպառնալիքով, ընդ որում դա անում է պետության ղեկավարի մակարդակով:
«Կարծում եմ՝ այժմ բոլորի համար է ակնհայտ, թե ինչու էր Հայաստանը տարիներ շարունակ հետևողականորեն հորդորում միջազգային հանրությանը ոչ թե ընդհանրական, այլ հասցեական հայտարարություններ անել հրադադարի խախտումների վերաբերյալ: Մենք պետք է հասկանանք, որ խաղաղությանը և անվտանգությանը սպառնացող նախանշանները քողարկելու փորձերը կարող են աղետալի հետևանքներ ունենալ»,- ընդգծեց նախագաը:
Սիրիացի փախստականների և Մերձավոր Արևելքի իրավիճակի մասին
Սարգսյանը նշեց, որ աշխարհն այսօր ականատեսն է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող անմարդկային դաժանությունների:
«Կրոնական անհանդուրժողականությունը հանգեցրել է անդառնալի հետևանքների: Մենք ամենաուղղակի կերպով ենք զգում տեղի ունեցող վայրագությունները, քանզի դրանց հետևանքով ոչ միայն ոչնչացվում են հայկական հոգևոր և մշակութային ժառանգության նմուշները, այլև սպանվում և փախստական են դառնում Իրաքում և Սիրիայում բնակվող բազմաթիվ հայեր: Սիրիացի ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում դժվարությունները կիսում է նաև դարերով այդ տարածքներում ապրող հայությունը»,- ասաց Սարգսյանը:
Այդ կապակցությամբ նա նշեց, ոև Հայաստանն ընդունել է ավելի քան 16 հազար փախստական Սիրիայից:
«Նրանց ընդունման թվով Հայաստանն առաջիններից մեկն է Եվրոպայում»,- ասաց Հայաստանի նախագահը:
Հայաստանը պատրաստ է միանալ ատելության դեմ պայքարին
Ավարտելով խոսքը՝ նախագահը միացավ բոլոր այն ելույթ ունեցողներին, ովքեր միահամուռ պայքարի կոչ են անում ընդդեմ խավարի, վանդալիզմի և ատելության:
«Այս պայքարում չկան մեծ և փոքր երկրներ, յուրաքանչյուրն ունի իր դերը: Հայաստանը պատրաստ է իր մասնակցությունը բերել մեր ընդհանուր պայքարին»,- ամփոփեց նախագահը: