ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Այժմ, երբ վտանգված է Մերձավոր Արևելքի ժողովուրդների կյանքը, էթնիկական ու կրոնական համայնքների գոյությունը, Հայաստանն իր բարոյական պարտքն է համարում կանգնել նրանց կողքին, ասված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքների կացության մասին հայտարարությունում, որն ընդունվել է այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի ժամանակ։
Փաստաթղթում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովն իր երախտագիտությունն է հայտնել Մերձավոր Արևելքի ժողովուրդներին, ովքեր մեկ դար առաջ ապաստան տվեցին Հայոց ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, որոնք դարձան այդ երկրների կառուցման գործուն մասնակիցներ:
«Այս օրերին ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների, ահաբեկչություններից ու քաղաքացիական պատերազմից փրկված փախստականների ճակատագրերի վրա:
Հայաստանը բացել է դռները Սիրիայից և Իրաքից եկած հայերի առջև և ավելի քան 16 հազար փախստական ընդունել: Հայաստանի պետական բոլոր կառույցները ներգրավված են նրանց հիմնախնդիրները լուծելու և հասարակության մեջ նրանց ինտեգրումն արագացնելու աշխատանքներում»,- ասված է հայտարարությունում:
Հայտարարության հեղինակները նշել են, որ Հայկական սփյուռքի կառույցները, «Հայաստան» համահայկական հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր են նախաձեռնել և իրականացրել Սիրիայի և Իրաքի հայության վիճակը մեղմելու ուղղությամբ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններով, շահագրգռված է այդ տարածաշրջանում խաղաղության և կայունության շուտափույթ հաստատմամբ,
խստորեն դատապարտում է ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող ոճրագործությունները, որոնց զոհ են դառնում հազարավոր անմեղ մարդիկ, ավերակ են դառնում սրբավայրեր, կոթողներ և մշակութային արժեքներ, գնահատում է նման վայրագությունները որպես մարդկության և քաղաքակրթության դեմ գործված հանցանքներ, գիտակցում է, որ տարածաշրջանի ժողովուրդների պաշտպանությունը պահանջում է գործողությունների համադրում և համակողմանի աջակցություն, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրում ինչպես փախստականներին, այնպես էլ վտանգված համայնքներին։
Փաստաթղթի հեղինակները դիմում են միջկառավարական և միջազգային մարդասիրական կազմակերպություններին, փախստականների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր իրականացնող պետություններին` հնարավորինս շտապ բազմակողմանի աջակցություն ցուցաբերել աղետալի իրավիճակում հայտնված Սիրիայի ժողովրդին, համապատասխան միջոցներ ձեռնարկելու բոլոր փախստականներին և նրանց ընդունելու հարցում գործուն քայլեր ձեռնարկած պետություններում, այդ թվում` Հայաստանի Հանրապետությանն օժանդակելու խնդրում։
Դիմում են հայաստանյան բոլոր պետական ինստիտուտներին, հանրային և մասնավոր կառույցներին` այսուհետ ևս համակողմանի քայլեր ձեռնարկելու դյուրացնելու համար սիրիահայերի առջև ծառացած խնդիրների լուծումները հայրենիքում, համայնքային բոլոր կառույցներին, անհատներին` հնարավոր բոլոր միջոցներով սատարելու և համակողմանի աջակցություն ցուցաբերելու ինչպես դեռևս Սիրիայում գտնվող համայնքին, այնպես էլ Հայաստանում հաստատված սիրիահայերին:
«Սիրիահայության տագնապալի վիճակը ներկայումս ողջ հայ ազգի առջև ծառացած մարտահրավեր է, և այն հաղթահարելու համար հրատապ անհրաժեշտություն է՝ համախմբել Հայաստանի և սփյուռքի ուժերն ու հնարավորությունները՝ համակարգելու բոլոր գործողությունները` հավաքական ջանքերով լուծում տալու մեր հայրենակիցների հիմնախնդիրներին:
Մենք վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ու սփյուռքն այսուհետ ևս սատարելու են արտակարգ իրավիճակում հայտնված և օգնության կարիք ունեցող յուրաքանչյուր հայորդու` որպես սրբազնագույն պարտք և պատասխանատվություն»,- ասված է փաստաթղթում:
Հայտարարություն. Հայաստանն իր բարոյական պարտքն է համարում կանգնել Մերձավոր Արևելքի ժողովուրդների կողքին
19:01 26.09.2015 (Թարմացված է: 17:45 12.10.2015)
© ТravelnewsЕреван, Армения
Բաժանորդագրվել
Հայաստանը բացել է դռները Սիրիայից և Իրաքից եկած հայերի առջև և ավելի քան 16 հազար փախստական ընդունել