ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի– Sputnik. Հինգ տարեկան Էլեն Ասոյանը Հայաստանը կներկայացնի «Տիեզերքի փոքրիկ արքայադուստր 2015» ("Little Princess World/Universe 2015") մրցույթում։ Այս մասին հայտնեց աղջկա պրոդյուսերը` Ալիկ Հակոբյանը։
«Երբ անցած տարի Էլենը հաղթեց Թուրքիայում անցկացված «Աշխարհի փոքրիկ արքայադուստր» գեղեցկության մրցույթում, մենք չէինք սպասում, որ կրկին մրցույթին մասնակցելու պաշտոնական առաջարկ կստանանք։ Քանի որ Թուրքիան 2014թ.–ին մրցույթն անցկացրել է բավական բարձր մակարդակով, Եվրոպայի խորհուրդը որոշում է ընդունել միջոցառումը կրկին այնտեղ անցկացնել»,– չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հակոբյանը։
Նա ավելացրեց, որ Հայոց ցեղասպանության 100–րդ տարում աղջկա ներկայացուցիչները մտավախություններ ունեն, որ Էլենին այս տարի չի հաջողվի հաղթել։ Այնուամենայնիվ, Հակոբյանի խոսքով` նրանք վճռական են տրամադրված և գնում են հաղթելու նպատակով։
«Նախօրեին ավարտվել են փոքրիկ Էլենի ելույթի տեսահոլովակի նկարահանումները, տեսահոլովակը մեծ էկրանին կցուցադրվի մրցույթի ժամանակ։ Նկարահանումներն իրականացվել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում` Ծիծեռնակաբերդում։ Դա ինչ–որ առումով մարտահրավեր է Թուրքիայի համար, քանի որ տեսահոլովակը նրանց համար անսպասելի կլինի»,– ասաց Հակոբյանը։
Նա նաև նշեց, որ փոքրիկ գեղեցկուհին տարբերվում է մյուս մասնակիցներից իր զգեստներով, բեմական կերպարներով և պարային ընդունակություններով։
Հակոբյանը կոչ արեց բոլորին հետևել փոքրիկ Էլենի հաջողություններին նրա ֆեյսբուքյան էջում։
Փոքրիկ Էլենը 2014թ.–ին Հայաստանում անցկացված գեղեցկության մրցույթի հաղթողն է, Թուրքիայում կայացած «Աշխարհի փոքրիկ արքայադուստր 2014» գեղեցկության մրցույթի հաղթողը, որտեղ նա ստացել է նաև «Լավագույններից լավագույնը» անվանակարգի գրան–պրի մրցանակը։
«Little Princess World/Universe 2015» գեղեցկության միջազգային մանկական մրցույթը կանցկացվի Բոդրում (Թուրքիա) քաղաքում սեպտեմբերի 29–ից հոկտեմբերի 9–ն ընկած ժամանակահատվածում։