ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի նախագահը երգիչ Արմենչիկին շնորհել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում, ինչի կապակցությամբ Facebook սոցցանցի հայկական տիրույթը հեղեղել էր բազմաթիվ մեկնաբանություններով։
Հայ թատերագետ Լևոն Մութաֆյանը, մասնավորապես, Facebook–ի իր էջում գրել է. «Մարդ ինչքան պիտի ատի ազգային մշակույթը, արվեստը, ինչքան պիտի արհամարհի ճշմարիտ արվեստագետներին, էլ չեմ ասում, ինչքան պիտի թքած ունենա կոմիտասյան հանճարի վրա, որ Արման Հովհաննիսյանին ու Անդրեին վաստակավորի կոչում տալուց հետո՝ վերջնական հարվածը հասցնի մեր արվեստին ու Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում շնորհի…»։
Մութաֆյանը նշել է, այդ քայլը հավասար է կործանման, ավելացնելով. «Արամ Խաչատրյան համերգասրահն էլ փակենք ու խաշանոց դարձնենք…
Դրան է համազոր…»
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը նույնպես անդրադարձել է երգիչ Արմենչիկին վաստակավոր արտիստ շնորհելու թեմային, նշելով, որ երևի ապրիլմեկյան կատակ է դա։
«Իսկ եթե ոչ, ապա, ինչպես դասականն է ասել. « Ողբամ Զքեզ Հայոց Աշխարհ»
հ.գ. Արմենչիկի անձի դեմ ոչինչ չունեմ,ի սեր Աստծո, մարդը ինչպես ուզում-երգում է… Բայց ես ինձ արժանի չեմ համարում էսպիսի արտիստներ, այն էլ՝վաստակավոր, ունենալուն»,– գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Նա նաև անդրադարձել է այն օգտագործողներին, ովքեր ձեռնամուխ են եղել Արմենչիկի պաշտպանությանը և այս հաշվով բորբոքվածներին ծաղրելուն։ Այս կապակցությամբ նա նշել է, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել։
«Կարող է դեմ խոսողները Մոցարտին Բախից չեն տարբերում, Կանդինսկուն էլ Մալևիչից, բայց դա իրավունք չի տալիս հարմարվել սրա հետ: Վաղը, որ մի լուրջ հարց լինի, էլի ասելու եք, որ մտավորականությունը լռում է, մտավորականություն չկա և այլն, ու ձեզ հաշիվ չեք տալու, որ մտավորականությունն էսպես է ձևավորվում, որ սրանից հետո ձեր շահերը «արմենչիկներն» են պաշտպանելու`
ամեն ազգ արժանի է իր առաջնորդներին ու իր «վաստակավոր արտիստներին։
Հուսով եմ` սրանից հետո մի քիչ ավելի զուսպ կլինեք հազարամյա մշակույթի, աշխարհի ամենաինտելեկտուալ, ամենախելացի ազգի և այլ ամպագոռգոռ եզրույթներ օգտագործելուց։ Ինչպիսին դուք եք, այնպիսին էլ ձեր ձևավորած ու հանդուրժած մտավորականությունն է, վայելե՛ք»,– եզրափակել է հաղորդավարուհին։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Facebook սոցցանցի իր էջում այս հարցի կապակցությամբ նույնպես փոքր գրառում է կատարել` ներկայացնելով
Հայաստանի ու Արցախի տարբերությունը։ «Արցախում Արմենչիկին թույլ չտվեցին անգամ համերգ դնի և հանրային ելույթ ունենա, իսկ Հայաստանում վաստակավոր արտիստի կոչում են շնորհում: Դե սրանից հետո ղարաբաղցիների վրա էլ հաչացող չտեսնեմ»,– գրել է նա։
Ռադիոհաղորդավար և լրագրող Կարեն Ավետիսյանը նույնպես գրառում է կատարել Facebook սոցցանցի իր էջում.
«WARNING!!!
Արմենչիկը ՀՀ նախագահի կողմից արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը:… իր հայեցի երգարվեստի և հայկական մելոսի տարածման, մեսրոպատառ հայերենի պրոպագանդման (օրինակ` "ալո`դու ես, հելո`դու ես…."լավ լսի, տես քեզ ինչ եմ ասում" (համ լսի համ էլ տես) և անաղարտ երգեցողության համար»,– ասվում է նրա հրապարակման մեջ։
Ավետիսյանը հավելել է, որ չի մեղադրում Արմենչիկին, քանի որ, ըստ նրա, մարդն իր գործն անում է այնպես, ինչպես ուզում է։ «ԲԱՅՑ Մշակույթի նախարարություն, ՏԻԿԻՆ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ, դուք ո՞վ եք, որտե՞ղ եք, ինչու՞ եք…..
P.P.S.
Իսկ այս ընթացքւմ ռադիո "ՋԱՆ"-ի հետ մեկտեղ բացվում է նաև "ՋԱՆ TV"
Միգուցե մեսչյանական "Ահա և վերջ"-ը հենց սա՞ է…»,– ավելացրել է նա։
Հայ գրականագետ Հովիկ Չարխչյանը, կարծեք թե հանգուցալուծել է Արմենչիկի վաստակավորի կոչման հարցը, սոցցանցի իր էջում ընդամենը երկու նախադասություն է գրել. «Երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Արմեչիկին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: Արմենչիկի կյանքում ունեցած վաստակից հետո երգարվեստին շնորհվել է հանգուցյալի կոչում»։

