ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ-ը մենք մշտապես դիտարկել ենք որպես զուտ ռազմական դաշինք, իսկ որպես քաղաքական գործոն՝ այն մշտապես թերացել է: Մենք մեր մաշկի վրա ենք այդ ամենը զգացել, երբ Հայաստանի սահմանին բացահայտ ոտնձգությունների դեպքում ՀԱՊԿ-ն անգամ հայտարարությունների մակարդակում էր կամ ուշ արձագանքում, կամ արձագանքը ոչ լիարժեք էր լինում: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման մեկանաբություն է արել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Բանախոսը հավելել է, որ ՀԱՊԿ-ի արձագանքը չէր համապատասխանում այն մարտահրավերի բնույթին, որը ծառացած էր Հայաստանի Հանրապետության առջև: «Թեև կառույցը ռազմական դաշինքից ռազմաքաղաքական դաշինք վերածելու գաղափարը, որը նշված է առաջնահերթությունների մեջ, լավ միտք է, կարծում եմ, այստեղ քաղաքական գործոնը որպես անվտանգության լրացուցիչ կամ բաղկացուցիչ մաս դարձնելու ցանկությունն է, որ բարձրաձայնել է նախագահ Սարգսյանը Դուշամբեում կայացած նստաշրջանին»,-ասել է նա:
Քաղաքագետի խոսքով, ՀԱՊԿ-ը, որպես աշխարհաքաղաքական հավակնություններ ունեցող ռազմական կառույց, կարող է իրեն թույլ տալ ավելի հեռուն նայել և չդիտարկել իր անվտանգությունը բացառապես իր սահմանների շրջանակում:
«Այսօր Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների արդյունքում, օրինակ, Հայաստանը կորցրել է Սիրիայի պես ուժեղ դաշնակցի: Եվ Ռուսաստանն է կորցրել ռազմական դաշնակից, Ռուսաստանն այնտեղ մշտապես ունեցել է ռազմբազա:
ՀԱՊԿ-ը, եթե շարունակի զարգացման այսօրվա տեմպերը, կառույցի անդամ երկրների ղեկավարների բոլոր խոսքերը գործ դառնան, ապա այն կարող է հավակնել նաև նույն Սիրիայում ռազմական ինչ-ինչ գործողություններ կամ ռազմաքաղաքական ծրագրեր իրականացնելուն: Սա դարձյալ դիտարկելով ՀԱՊԿ երկրների ընդհանուր անվտանգության համատեքստում»,-տեսակետ է հայտնել նա:
Ցանկացած կայսրություն կանգուն է մնում, եթե ունի կայուն հենակետեր՝ հենվելու դիրքեր: Քաղաքագետը հավելում է՝ Ռուսաստանն այսօր կայսրություն է, որը մի կողմից հենված է Հարավային Կովկասի, մյուս կողմից՝ Միջին Ասիայի, սեւծովյան ավազանի իր դիրքերի վրա:
«Կայսերությունը, եթե չունանա այդ հենակետերը, չի կարող կանգուն մնալ, սա աքսիոմա է: Որքան մեծ են այդ գերտերության ամբիցիաները, այնքան հեռու են գնում նրա հենակետերը: Դրա համար պետք է լինեն տարածաշրջանային կառույցներ, ակտիվ գործակցություն, որը հնարավոր է միայն նման կառույցների շրջանակներում, այսինքն՝ համատեղ զորքերի, ծրագրերի և այլնի ստեղծմամբ»,-ընդգծել է բանախոսը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի դերին, ապա Մելիք-Շահնազարյանը կարեւոր է համարում շեշտելը, որ Հայաստանն այսօր անվտանգության ռեսուրսի սպառող չէ, այն անվտանգության մատակարար է: Քաղաքականության արվեստը՝ հակասությունները հօգուտ քեզ լուծելու, և այդ շահերն ընդհանուր քաղաքական թրենդների և ընդունված ձևակերպումների մեջ տեղավորելը: Հետևաբար, ըստ քաղաքագետի, այն, ինչ արվել է Դուշամբեում, արվել է քաղաքականության դասական մոտեցումների շրջանակում:
«Այլ հարց է, թե որքանով կկարողանանք դա տեղայնացնել: Քանի որ, ՀԱՊԿ-ում լինելու ենք նախագահող երկիր, մեր խնդիրն է լինելու այդ ընդհանուր պոտենցիալը, թեկուզ փոքր շեշտադրումներով, այնուամենայնիվ, փոխել դեպի մեր` Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծմանը»,-շեշտադրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Փորձագետ.Հայաստանն անվտանգության ռեսուրսի սպառող չէ, այն անվտանգության մատակարար է
Բաժանորդագրվել
Բանախոսը հավելել է, որ ՀԱՊԿ-ի արձագանքը չէր համապատասխանում այն մարտահրավերի բնույթին, որը ծառացած էր Հայաստանի Հանրապետության առջև
