Երևանում է ամերիկացի հայտնի մուլտիինստրումենտալիստ և վոկալիստ Ռիչարդ Բոնան, ով դարձել է սեպտեմբերի 17–19–ը Երևանում անցկացվող Yerevan Jazz Fest 2015 փառատոնի «խորհրդանիշը»։
Billboard ամսագիրը Ռիչարդ Բոնային ճանաչել է «ամենասեքսուալ բաս–կիթառահարը Ջակո Պաստորիուսի ժամանակներից հետո»։ Newsweek–ը բնութագրել է նրան որպես «Ջակո Պաստորիուսի վիրտուոզությամբ երաժիշտ, ով ունի Ջորջ Բենսոնի վոկալային տվյալները և Ժուան Ժիլբերտուի ռիթմի և ներդաշնակության զգացողությունը։ Այս ամենն աֆրիկյան մշակույթի հետ միախառնված է մեկ սրվակում։
Ռիչարդ Բոնան հայտարարել է, որ երջանիկ է առաջին անգամ լինել Երևանում և մասնակցել նման հիանալի փառատոնի։ Նա նշել է, որ այդքան էլ ծանոթ չէ հայկական երաժշտությանը, սակայն հնարավորություն է ունեցել աշխատելու ջազմեն Արտո Թունջբոյաջյանի հետ, որին համարում է հիանալի երաժիշտ, ով գիտի իր ժողովրդի մշակույթը։ Ինը գործիքների վրա նվագող երաժիշտը կարծում է, որ այսօր նկատվող մշակույթների որոշակի խառնուրդն երաժշտության ոլորտում առաջընթաց է ապահովում ։








