ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Նախօրեին Yerevan Jazz Fest 2015 փառատոնի բացման արարողության կուլմինացիան վրացի ջազ երգչուհի Նինո Կատամաձեի կատարումն էր, որը նրա սիրո խոստովանությունն էր հայ ժողովրդին, երաժիշտներին ու Երևանին։
«Ես այնքան եմ սիրում Երևանն ու հայ երաժիշտներին։ Ես հիմա էգոիստաբար այնքան լավ եմ ինձ զգում, որ յուրաքանչյուր վայրկյան ուզում եմ խոսել սիրո մասին», – խոստովանել է Կատամաձեն։
Հատուկ կոմպոզիցիան նա նվիրեց Երևանի յուրաքանչյուր բնակչի, ում հոգում սերն է ապրում։ Նինո Կատամաձեն, ինչպես միշտ, կատարել է արտասովոր երաժշտություն, նրա կատարումն ավելի շուտ կարելիէ անվանել «փիլիսոփայական մտորումներ կյանքի մասին»։
Նինո Կատամաձեի ելույթը կրկին ստիպեց խորհել հավերժության մասին, ստիպեց կարեկցել, մտածել և լավի հույսով ապրել ու հավատալ Սիրուն։ Ինչպես միշտ, Կատամաձեն բաց չթողեց դահլիճով անցնելու հնարավորությունը, որպեսզի ավելի մոտիկից շփվի իր երկրպագուների հետ, նվագեց հարվածային գործիքներ և այնքան ոգևորված էր, որ ավելի շատ երգ կատարեց, քան նախատեսված էր փառատոնի ծրագրով։
Ընդանրապես հարկ է նշել, որ Yerevan Jazz Fest 2015-ը հաջողությամբ մեկնարկեց։ Հանդիսատեսի բուռն ծափերի ներքո ջազային ավանդույթներով հարուստ Երևանում ելույթ ունեցան այնպիսի երաժիշտներ ու համույթներ, ինչպիսիք են Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական էստրադային սիմֆոնիկ նվագախումբը` Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ, Մարտին Վարդազարյանը, Հայկական ջազ ասոցիացիայի պատվավոր նախագահ, Հայաստանի ժողովրդական արտիստ, ջազմեն Լևոն Մալխասյանը (Մալխաս)։
Փառատոնը հնարավորություն ընձեռեց նաև ծանոթանալու մի քանի պրեմիերաների և նորովի ճանաչել արդեն հայտնի երաժիշտներին։ Այսպես, Հայաստանում հայտնի և սիրելի Արմեն Թութունջյանը ելույթ ունեցավ «Chico's new trio» նոր կոլեկտիվի հետ։ Ունկնդիրը ծանոթացավ նաև Արցախի ջազ նվագախմբին։
Իսկ ջազմեն Վահագն Հայրապետյանը ելույթ ունեցավ հայտնի ֆրանսիացի երաժիշտ Լորեն Ռոբինի և ռուս ջազմեն Սերգեյ Մանուկյանի հետ, որի ելույթից հետո Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը բառացիորեն պայթեց ծափերից։
Ինչ անենք, թե բեմի ետևում մասնագետները բողոքում էին ձայնի որակից, կազմակերպիչների թերացումներից…. Yerevan Jazz Fest 2015-ի մակարդակի միջազգային ջազ փառատոն Հայաստանում անցկացվում է առաջին անգամ, և, բարեբախտաբար, այս փառատոնը չի կարելի հաջողված չհամարել։