ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայկական խոհանոցը շուրջ երկու հազար տարվա պատմություն ունի, այն համարվում է աշխարհի ամենահին խոհանոցներից մեկը, ինչն ապացուցված է հնագիտական պեղումներով։ Այս ընթացքում հայ խոհարարները ձևավորել են մի շարք չգրված օրենքներ, որոնք զգալիորեն հեշտացնում են սննդմթերքի պատրաստման գործընթացն ու լավացնում համային որակը։ Sputnik Արմենիա պորտալն ընտրել է տնային տնտեսուհիների համար արդիական և օգտակար քսան խորհուրդներ։
1. Կրակի վրա խորոված պղպեղը, լոլիկն ու սմբուկը հեշտ մաքրելու համար անհրաժեշտ է դրանք մաքրելուց առաջ ընկղմել սառը աղաջրի մեջ։
2. Եթե ցանկանում եք «ուշքի բերել» չորացած լավաշը, ապա նրա վրա պետք է ջուր ցանեք և ծածկեք սրբիչով։ Դրանից հետո այն կրկին համեղ և թարմ է լինում։
3. Աղը երկար ժամանակ չոր կմնա, եթե աղամանի մեջ դնեք բրնձի 2-3 հատիկ։
4. Թարմ բանջարեղենից պատրաստված աղցանին անհրաժեշտ է աղ ավելացնել մատուցելուց անմիջապես առաջ, հակառակ դեպքում բանջարեղենից շատ ջուր դուրս կգա, ինչը փոխում է պատրաստված ուտեստի համը։
5. Եթե դուք երկար ժամանակ չօգտագործած, գրեթե չորացած կանաչի ունեք, ապա այն կարելի է վերականգնել` իջեցնելով սառը քացախաջրի մեջ։
6. Եթե ապուրը շատ աղի է, ապա կարելի է ապուրի մեջ թանզիֆի մեջ փաթաթած մի քիչ եփած բրինձ դնել, որը աղը կքաշի։
7. Եթե ձկան վրա եռման ջուր լցնեք, ապա այն մաքրելն ավելի հեշտ կլինի։
8. Կոտլետներն ու շնիցելները պատրաստելուց մեկ–երկու ժամ առաջ քացախով և ձեթով պատելու դեպքում դրանք ավելի փափուկ կլինեն։
9. Լյարդն ավելի հեշտ կլինի մաքրել թաղանթից, եթե վրան տաք ջուր լցնեք։
10. Կարագի պահպանման ժամկետը երկարացնելու համար անհրաժեշտ է այն փաթաթել քացախով թրջած անձեռոցիկի մեջ և պահել փակ ամանի մեջ, որտեղ պետք է դնել շաքարի մի քանի կտոր։
11. Վաղահաս կարտոֆիլը մաքրելուց առաջ 15 րոպե այն դրեք աղաջրի մեջ։
12. Չորացրած սունկը կարող է համեղ և թարմ լինել, եթե նախապես մի քանի ժամ պահեք կաթի մեջ։
13. Կտրատած գլուխ սոխի վրա կարելի է եռման ջուր լցնել, և այդ դեպքում այն հնարավոր կլինի հանգիստ օգտագործել աղցանների և ապուրների մեջ։
14. Եթե յուղը տհաճ համ է ձեռք բերել, թարմ գազար ավելացրեք և թողեք մի քանի օր։
15. Եթե չեք ուզում խմորի մեջ սոդայի համ զգալ, բացեք այն քիչ քանակությամբ քացախի մեջ։
16. Հավասար քանակությամբ ձեթը և յուղը խառնելու դեպքում ձեր փքաբլիթները, կարկանդակներն ու խրթխրթան կարտոֆիլն ավելի համեղ կլինեն։
17. Կիտրոնից շատ հյութ ստանալու համար այն պահեք տաք ջրում։
18. Հայկական խոհարարական ավանդույթների համաձայն` մուրաբան հաճախ եփում են ոչ թե շաքարով, այլ մեղրով։ Այդ եղանակով պատրաստված մուրաբան կարող են ուտել նաև շաքարային դիաբետով հիվանդները։ Այն չի շաքարակալում։
19. Պանիրը սառնարանի բացակայության դեպքում կարելի է պահել աղաջրի մեջ։ Երեք լիտր ջրին պետք է ավելացնել մեկ բաժակ շաքարավազ և երկու բաժակ խոշոր աղ։
20. Սառնարանի տհաճ հոտից ազատվելու համար կարելի է սառնարանում դնել ափսեով սոդա կամ կտրատած կիտրոն։