ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի– Sputnik. Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղը ամենաժամանակակից կամպուսային համալսարաններից մեկն է, Երևանում լրագրողներին ասաց ՄՊՀ–ի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին։
Ուրբաթ ՄՊՀ–ի երևանյան մասնաճյուղ է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նրան ուղեկցել են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը։
«Դասերը սկսվել են, ուսանողները սովորում են, մենք եկել ենք տեսնելու, թե ինչպես են կազմակերպվում պարապմունքները։ Հիանալի պայմաններ են, գործում է գրադարան, լավ լսարաններ, այդ թվում `համակարգչային լսարան, համալսարանում կա ուսանողներին անհրաժեշտ ամեն ինչ։ Մասնաճյուղն իմ տեսած կամպուսային համալսարաններից ամենաժամանակակիցներից մեկն է», – ասաց Սադովնիչին։
Նրա խոսքով` համալսարանում արդեն սովորում է մոտ 65 ուսանող, որոնցից 15–ը` բյուջետային տեղերով։ «Սա դեռ սկիզբն է, հուսով ենք, որ ուսանողների թիվն ապագայում կավելանա` հասնելով 5 հազարի, ենթակառուցվածքը դա թույլ է տալիս։ Գործում է հինգ ֆակուլտետ` մաթեմատիկայի, բանասիրության, իրավագիտության, ժուռնալիստիկայի, միջազգային հարաբերությունների», – նշեց ռեկտորը։
Նա նշեց, որ համալսարանում կդասավանդեն հիմնականում Մոսկվայի համալսարանի դասախոսները, միայն այս կիսամյակ Մոսկվայից դասախոսությունների համար պետք է այցելեն մոտ 50 դասախոսներ։
Ինչպես նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՄՊՀ–ի երևանյան մասնաճյուղի բացումը կարևոր իրադարձություն է հայ–ռուսական հումանիտար համագործակցության շրջանակում։
«Զարմանալի չէ, որ մասնաճյուղի ստեղծման հարցը քննարկվել է անգամ երկրների նախագահների մակարդակում։ ՄՊՀ–ն աշխարհի առաջատար բուհերից է, և դրա ներկայությունը Հայաստանում կհանգեցնի մրցակցության և կրթության որակի բարձրացման», – ընդգծեց Աշոտյանը։
ՄՊՀ–ի երևանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Արման Զարգարյանն իր հերթին նշեց, որ մասնաճյուղը նախատեսում է ամեն տարի ընդունել ավելի քան 100 ուսանող, չնայած ենթակառուցվածքը թույլ է տալիս ընդունել ավելի մեծ թվով ուսանողների։
«Ուսման վարձը մի փոքր բարձր է, քան մնացած բուհերում, նվազագույնը կազմում է 1,5 մլն դրամ (մոտ 3100 դոլար), առավելագույնը` 1,8 մլն դրամ (մոտ 3750 դոլար)։ Մենք այս թվերն օպտիմալ ենք համարում, քանի որ ուսուցումը հիմնականում անցկացվում է Մոսկվայից ժամանած մասնագետների կողմից», – ասաց Զարգարյանը։
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղը գործում է 2015 թ.–ի սեպտեմբերից (բուհը պաշտոնապես բացվել է 2015 թ.–ի ապրիլին)։
Սադովնիչի. ՄՊՀ–ի երևանյան մասնաճյուղը ամենաժամանակակիցներից մեկն է
© Sputnik / David GalstyanЕреванский филиал Московского государственного университета (МГУ) имени Ломоносова
© Sputnik / David Galstyan
Բաժանորդագրվել
ՄՊՀ ռեկտոր Վիկտոր Սադովնիչին տեղեկացրեց, որ երևանյան մասնաճյուղում արդեն սովորում է մոտ 65 ուսանող, հետագայում ուսանողների թիվը կհասնի 5 հազարի
© Sputnik / David GalstyanՄոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղը
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղը
© Sputnik / David Galstyan