ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հայկական խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին նիստը սկսվել է այն հիմնական հարցից, որը հուզում է հասարակությունն արդեն առնվազն երկու տարի` դա Հայաստանի նախագահի ներկայացրած սահմանադրական բարեփոխումների նախագիծն է։
Հայաստանի հինգերորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նիստում խորհրդարանականները պետք է հավանություն տան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած և ներկայացրած սահմանադրական բարեփոխումների նախագծով հանրաքվեի անցկացմանը։ Նրանից հետո, երբ պատգամավորները կքվեարկեն առաջարկած փոփոխությունների օգտին, իսկ դրանք պետք է հավաքեն ձայների մեծամասնություն, նախագիծը երկու ամսվա ընթացքում պետք է ներկայացվի Համաժողովրդական հանրաքվեի։
Ենթադրվում է, որ եթե պատգամավորները «չձգձգեն» քննարկումները, ապա փոփոխությունները կընդունվեն արդեն հաջորդ քառօրյայում (հոկտեմբերի 5-8), իսկ հանրաքվեն կանցկացվի մինչև նոյեմբերի վերջ։
Քննարկել, թե ոչ. ընդդիմությունը դեմ է
Մինչև քննարկումների սկիզբը Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նկատել է, որ ՀԱԿ–ը ոչ միայն դեմ է առաջարկած բարեփոխումներին, այլ նաև կքվեարկի դրանք օրակարգում ընդգրկելու դեմ։
Ըստ նրա, սահմանադրական բարեփոխումների ընդունումը երկրի համար մեծ նշանակություն ունի, և հանրաքվեին դրանք ներկայացնելուց առաջ նրանք պետք է մանրամասն ներկայացվեն բնակչությանը, այդ թվում` խորհրդարանի նիստի ուղիղ հեռարձակման ապահովման միջոցով, որ հասարակայնությունն իրազեկ լինի քաղաքական ուժերի դիրքորոշման վերաբերյալ։
ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը կատակել է, ասելով, որ ընդունում է շանտաժը, սակայն չի կարող նիստի հեռարձակում ապահովել. ժամանակ և ֆինանսական հնարավորություններ չկան։
«Դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում, քանի որ քարոզչությունը և բարեփոխումների ներկայացնելը լիարժեք իրականացրել են ինչպես փոփոխությունների կողմնակիցները, այնպես էլ դրա հակառակորդները։ Ժամանակակից առաջադեմ և տեխնոլոգիապես զարգացած աշխարհում, կարծում եմ, ոչ չկա մարդ, ով հնարավորություն չի ունեցել ծանոթանալու փաստաթղթին»,– ասել է Սահակյանը, ավելացնելով, որ անհրաժեշտության դեպքում բոլոր առաջարկությունները, որոնք, հնարավոր է, ընդգրկվեն փաստաթղթի եզրափակիչ տարբերակում, կքննարկվեն լրացուցիչ։
Սակայն մի փոքր ուշ նիստում Սահակյանը հայտնել է Հանրային հեռուստաընկերության խորհրդի որոշման մասին, որը պարտավորվել է սեփական տնտեսած ռեսուրսների հաշվին ուղիղ հեռարձակում ապահովել` սկսած սեպտեմբերի 16–ից։
«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը փորձել է հայտարարել քննարկումների անցկացման անօրինականության մասին, նշելով, որ օրինագիծը չի կարող քննարկվել հեղինակի` նախագահ Սերժ Սարգսյանի բացակայությամբ։ Դրան ի պատասխան խոսնակն առաջարկել է պատգամավորին ծանոթանալ խորհրդարանի կանոնակարգին, որի համաձայն, հարցը կարող է ներկայացնել նախագահի ներկայացուցիչը, առավել ևս, որ դա մի քանի քաղաքական ուժերի նախաձեռնությունն էր։
Չնայած ընդդիմադիր ուժերի դժգոհությանը` հարցը, այնուամենայնիվ, ընդգրկվել է օրակարգում 104 «կողմ» ձայնով, 15 «դեմ»–ով և 4 «ձեռնպահ»–ով։
Ո՞րն է բարեփոխումների էությունը
Այսօրվա նիստում Հայաստանի Ազգային ժողովում նախագահի ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումների նախապատրաստման փորձագիտական հանձնաժողովի անդամ և փոփոխությունների հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանը ներկայացրել է փոփոխված Սահմանադրության նախագծի հիմնական դրույթները, ինչպես նաև պատասխանել է պատգամավորների մի քանի հարցերին։
Նախագծի համաձայն, Հայաստանի նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով (ներկա 5–ի փոխարեն) ոչ թե համազգային քվեարկությամբ, այլ ընտրիչների ժողովի կողմից:
Ընտրիչների ժողովը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից, որոնք կարող են լինել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:
Սահմանադրական բարեփոխումների նախագծի համաձայն, գործադիր իշխանության գերագույն մարմինը կառավարությունն է, որը մշակում և իրականացնում է ներքին և արտաքին քաղաքականություն իր ծրագրի հիման վրա։ Կառավարության վրա դրվում է նաև պետական կառավարման համակարգի ընդհանուր ղեկավարությունը։
Նոր նախագծով` հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո` եռօրյա ժամկետում վարչապետ է նշանակում Ազգային ժողովի ընտրություններում հաղթած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ներկայացրած վարչապետի թեկնածուին: Միաժամանակ, եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Փաստաթղթի համաձայն, Զինված ուժերը ենթարկվում են կառավարությանը, իսկ պատերազմի ժամանակ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար է դառնում վարչապետը։
Բացի այդ, նախագծով սահմանվում է, որ հինգ տարով համամասնական համակարգով ընտրվող Ազգային ժողովը բաղկացած է նվազագույնը 101 պատգամավորից։ Օրենսդիր մարմնում նախատեսվում է տեղեր հատկացնել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար։
Ընդ որում, եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները։ Բացառությամբ երկրորդ փուլում հաղթած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի, ընտրական արգելապատնեշները հաղթահարած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները պատգամավորական մանդատներ են ստանում առաջին փուլի արդյունքներով:
«Առաջին սահմանադրության ընդունումից 25 տարի հետո, ցավոք սրտի, դրանում առկա ոչ բոլոր դրույթներն են լիարժեք իրագործվել։ Սակայն դրա արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է ոչ միայն հավասարակշռված սահմանադրություն, այլ նաև դրա դրույթներին հետևել»,– ասաց Պողոսյանը։
«Կողմ» և «դեմ» պատգամավորներ
Առաջարկված նախագիծը միանշանակ չի ընդունվել պատգամավորների կողմից, մեծ մասը դեմ է արտահայտվել իշխանությունների նախաձեռնություններին։ Քննարկումների արդյունքում առաջադրվել են նաև մեղադրանքներ իշխանությունների հասցեին և նախագահի պաշտոնաթողության կոչեր, հայտարարություններ են արվել նույնիսկ նոր շտկումների միջոցով իշխանությունն ուզուրպացնելու փորձի մասին։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ծանոթացել են փաստաթղթի հետ, բայց առայժմ զերծ են մնում մեկնաբանություններից։ Նա նշել է, որ կուսակցության վերջնական կարծիքը կախված կլինի նրանից, թե որքանով կընդունվեն նրանց առաջարկները և փոփոխությունները։
ՀԱԿ ընդդիմադիր խմբակցության անդամ Արամ Մանուկյանը կարծում է, որ ծավալով և բովանդակությամբ բարեփոխված սահմանադրությունն ավելի շուտ լիարժեք նոր փաստաթուղթ է թե՛ բովանդակությամբ, թե՛ ծավալով։
«Այստեղ ոչ միայն լիովին փոխվում են իշխանության կառուցման նկատմամբ հայեցակարգը և մոտեցումները, այլ նաև նախատեսված են ավելի շատ կետեր, քան գործող սահմանադրությունում։ Փոփոխությունները չեն կարող ավելի մեծ լինել ծավալով, քան գործող սահմանադրությունը, դա անընդունելի է և ավելի լավ կլիներ այն նոր անվանել»,– ասաց Մանուկյանը։
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարծում է, որ սպառիչ պատասխան չի ներկայացվել առաջարկված փոփոխությունների նպատակահարմարության մասին, առավել ևս, որ վերջինները «չեն որոշում սահմանադրության առաջ դրված հիմնական խնդիրները»։ Նույն խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը նշել է, որ խորհրդարանային համակարգին անցում կատարելը ռազմական սպառնալիքի պայմաններում անթույլատրելի է։
«Բարդ իրավիճակներում անհրաժեշտ է օպերատիվ որոշումների ընդունում, ինչը չի երաշխավորի նոր համակարգ, իսկ երկրի միանձնյա ղեկավարումը վարչապետի կողմից թույլ չի տա ոչ խորհրդարանին, ոչ նախագահին ազդեցություն ունենալ վերջնական որոշումների ընդունման վրա»,– ասել է Մարգարյանը։
Ամփոփելով քննարկումների առաջին օրվա արդյունքները` իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ քաղաքական ուժերի և հասարակության մեծամասնությունն ակտիվ մասնակցել է քննարկումներին, ինչը վկայում է քաղաքական համախմբման մասին։
«Իհարկե, սահմանադրական փոփոխությունների նախագիծն ունի նաև հակառակորդներ, սակայն նրանք դեռ չեն կարողացել հիմնավորված առաջարկներ ներկայացրել հանրաքվեի անցկացումից հրաժարվելու համար»,– ասել է Շարմազանովը։
Չորեքշաբթի պատգամավորները կշարունակեն քննարկումները։
Պատգամավորները կքննարկեն Սահմանադրական բարեփոխումները
Национальное Собрание Армении
Բաժանորդագրվել
Հայաստանի հինգերորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նիստում խորհրդարանականները պետք է հավանություն տան սահմանադրական բարեփոխումների նախագծով հանրաքվեի անցկացմանը