ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի– Sputnik. Ջորջիա նահանգի 21-ամյա ուսանողուհի Բեթի Քենթրելն արժանացել է «Միսս Ամերիկա 2016» տիտղոսի` լավագույն արդյունքը ցուցաբերելով 51 մասնակիցների շարքում:
«Միսս Ամերիկա 2016» ազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է Ամերիկայի Նյու Ջերսի նահանգի Աթլանտիկ Սիթի քաղաքի Boardwalk Hall Arena-յում կիրակի երեկոյան:
Բեթի Քենթրելը երաժշտական մանկավարժություն է ուսումնասիրում Մեյքոն քաղաքի Մերսերա համալսարանում, ինչպես նաև երգեր է գրում: Տաղանդների մրցույթում աղջիկը ներկայացրել է օպերային արիա, ինչի շնորհիվ ժյուրիի կողմից արժանացել է բարձր գնահատականի:
Բեթի Քենթրելին բյուրեղապակյա թագով թագադրել է մրցույթի անցյալ տարվա հաղթող Կիրա Կազանցևան, ով ռուս ներգաղթյալների դուստր է: Բացի թագից, Բեթին ստացել է նաև 50.000 ԱՄՆ դոլար:
«Սա անհավանական է, ես պարզապես չեմ կարողանում հավատալ, անչափ շնորհակալ եմ ժյուրիին և իմ ընտանիքին: Ես մինչև հիմա այնքան հուզված եմ, որ շնորհակալությունից բացի ոչինչ ասել չեմ կարողանում», — մրցույթի ավարտից հետո լրագրողների հետ կիսվել է Բեթին:
Բեթի Քենթրելին հաջողվել է առաջ անցնել Նյու Յորք նահանգի ներկայացուցիչներից, որոնք երեք տարի շարունակ հաղթանակ էին տանում մրցույթում:
Մրցույթն առանձնացել է նրանով, որ «Միսս Ամերիկա» շոուի սկզբում կազմակերպիչները հրապարակային ներողություն են խնդրել երգչուհի և մոդել Վանեսա Ուիլյամսից, ով այս տարի գլխավորում էր մրցույթի ժյուրին: Ուիլյամսը զրկվել էր «Միսս Ամերիկա 1984» տիտղոսից այն բանից հետո, երբ նրա «անկեղծ» լուսանկարները հայտնվել էին ԶԼՄ-ներում, մասնավորապես, Penthouse ամսագրում։
«Միսս Ամերիկա» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 1921 թվականին, որի հաղթող էր ճանաչվել Մարգարեթ Գորմանը:
Մրցույթին թույլատրվում է մասնակցել 17-24 տարեկան աղջիկներին: Մրցույթի մասնակիցներին գնահատելիս ժյուրին ուշադրություն է դարձնում ոչ միայն աղջիկների արտաքին տեսքին, այլև աղջիկների տաղանդներին և այն բանին, թե ինչպես են նրանք պատասխանում ժյուրիի հարցերին: