ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի– Sputnik. Սեպտեմբերի 14–15–ը Դուշանբեում անցկացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հերթական գագաթնաժողովը։ Հանդիպման գլխավոր թեմաներից է Կենտրոնական Ասիայում ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների ակտիվացմանը հակազդելու միջոցների մշակումը։
Այս ոլորտի խնդիրների աճը կապված է մի շարք գործոնների հետ` հարևան Աֆղանստանում ստեղծված անկայուն իրավիճակը, Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» բացասական ազդեցությունը, հետխորհրդային տարածքում ստեղծված ծանր իրավիճակը ուկրաինական պատերազմի և Արևմուտք–Ռուսաստան աշխարհաքաղաքական դիմակայության ակտիվացման պատճառով։ Այս ամենին ավելանում է հետխորհրդային մի շարք երկրներում գրանցված տնտեսական ճգնաժամը, որը կապված է համաշխարհային շուկաներում էներգակիրների ցածր գների և Ռուսաստանի ու Արևմուտքի երկրների փոխադարձ պատժամիջոցների քայքայիչ ազդեցության հետ։
Մասնավորապես, սեպտեմբերի սկզբին Տաջիկստանում, որտեղ անցկացվում է գագաթնաժողովը, տեղի են ունեցել զինված միջադեպեր` հակակառավարական հայտարարություններ` պաշտպանության նախկին փոխնախարար Ա. Նազարզոդայի գլխավորությամբ։ Այս ամենից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի զրույցի ընթացքում Մոսկվան նշեց, որ պատրաստ է օգնել հանրապետությունում կայունության ապահովման հարցում։ Ենթադրվում է, որ այս օգնության, այդ թվում` դրա ռազմական և տնտեսական բաղադրիչների մասին կխոսվի Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահների առանձնազրույցի ժամանակ, որը տեղի կունենա ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում։
Կարևոր է նշել, որ հենց ՀԱՊԿ–ն է ռուսական օգնության ցուցաբերման հիմնական մեխանիզմը։ Այս գծով Տաջիկստանն արդեն ստանում է զենքի խոշոր խմբաքանակներ արտոնյալ գներով կամ անվճար, ինչպես նաև տաջիկ սպաները ուսում են ստանում Ռուսաստանում։ ՀԱՊԿ–ի և երկկողմ համաձայնագրերի շրջանակում երկրում տեղակայված է ռուսական 201–րդ ռազմակայանը։
Ինչպես նշել է Կրեմլի մամուլի ծառայությունը, գագաթնաժողովի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կքննարկեն համագործակցության հետագա խորացման ուղիները, ինչը ներկա համատեքստում անխուսափելիորեն նշանակում է Տաջիկստանին և Ղրղըզստանին ռուսական օգնության ավելացում, որոնք ՀԱՊԿ–ում ավելի շատ սպառնալիքի տակ գտնվող օղակներն են։
Դուշանբեում կայանալիք նիստի նախապատրաստման համատեքստում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան արդեն հայտարարել է, որ առաջիկայում կավելանա Տաջիկստանին տրամադրվող ռազմատեխնիկական օգնությունը։
Դուշանբեում նախատեսվում է ընդհանուր առմամբ քննարկել քաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական բնույթի ավելի քան 20 կարևոր հարց։ ՀԱՊԿ–ն մինչև հիմա կենտրոնական–ասիական պետությունների (որոնք հաճախ կապ ունեն հակամարտող կլանային խմբավորումների հետ) ներքին գործերի միջամտության մեխանիզմ չի եղել, և հարկավոր է հուսալ, որ այդպես էլ կշարունակվի։ Մասնավորապես, ՀԱՊԿ ուժերը չեն օգտագործվել Ղրղըզստանում գրանցված երկու հեղափոխությունների ընթացքում։ Ղրղըզստանի ժողովուրդը հնարավորություն ուներ ինքնուրույն որոշել և փոխել սեփական երկրի իշխանությունը։ Նույնը վերաբերում է նաև Տաջիկստանին` վերջերս տեղի ունեցած զինված բախումների համատեքստում։ ՀԱՊԿ-ն անդամ պետությունների անվտանգության ապահովման մեխանիզմ է, առաջին հերթին արտաքին սպառնալիքների դեպքում։
Իհարկե, եթե Նազարզոդայի կազմակերպած խռովության հետ կապված հակամարտությունը կամ նմանատիպ հակամարտությունները դուրս գան Տաջիկստանի սահմաններից (օրինակ, եթե խռովարարների խմբերը կրկին, ինչպես դա տեղի ունեցավ քաղաքացիական պատերազմի ժամանակ, սկսեն Աֆղանստանի տարածքից ներխուժել Տաջիկստան), ապա ՀԱՊԿ–ն ստիպված կլինի միջամտել Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանի անվտանգության ապահովման հարցում օգնելու համար։ Սակայն Նազարզոդայի կազմակերպած խռովությունը բավականին հաջող ճնշվեց տաջիկական ուժային կառույցների կողմից։
Բայց հարկավոր է նաև նշել, որ ՀԱՊԿ–ի մնացած անդամների, այդ թվում` Ռուսաստանի համար` որպես կազմակերպության առանցքային պետություն, նախընտրելի է, որպեսզի Տաջիկստանի քաղաքական ներքին հարցերը լուծվեն Տաջիկստանի քաղաքացիների կողմից։
Հակառակ դեպքում կարող են զրպարտություններ առաջանալ «ռուսական օկուպացիայի», «ինքնավար պետության ներքին գործերի մեջ միջամտության» հարցում։ ՀԱՊԿ–ի շրջանակում Մոսկվայի և Դուշանբեի համագործակցության առանցքային պահ դարձավ նաև թմրանյութերի դեմ պայքարը։ Տաջիկստանն ինքնատիպ «դարպաս է», որի միջոցով սկսվում է աֆղանական թմրանյութերի տեղափոխման «Հյուսիսային երթուղին»։
2015 թ.–ին ՀԱՊԿ–ի շրջանակում անցկացվել են «Ամպրոպ 2015» միջազգային համալիր մարտավարական հատուկ զորավարժությունները, որոնց ժամանակ Ռուսաստանում առգրավվել է մոտ մեկուկես հարյուր կիլոգրամ բարձր խտության հերոին, մշակվել են նաև Տաջիկստանի տարածքով թմրանյութերի տեղափոխման դեմ պայքարի ուղիները։
Դուշանբեն հաջող վայր է «թռիչքների» հարցերը կարգավորելու համար, հատկապես, եթե հաշվի առնենք ՀԱՊԿ–ի կողմից անցկացված անդամ պետությունների զորքերի տեղափոխման զորավարժությունները։ ՀԱՊԿ–ի շրջանակում գործում են Արագ արձագանքման հավաքական ուժերը (ԱԱՀՈւ), որոնք, ըստ էության, կենտրոնական–ասիական պետությունների հիմնական հույսն են Աֆղանստանի կողմից ծայրահեղական խմբավորման ագրեսիայի դեպքում։
ՀԱՊԿ ԱԱՀՈւ–ի շրջանակում փոխգործակցության մշակման համար որպես հրաձգարան ընտրվել է Տաջիկստանի տարածքում գտնվող տաջիկ–աֆղանական սահմանամերձ շրջանը։ ՀԱՊԿ–ն նման մասշտաբային զորավարժություններ առաջին անգամ էր անցկացնում, և կազմակերպության ղեկավարի նախնական տվյալներով` դրանք բավականին հաջող են անցել։
Անցկացված զորավարժությունների համատեքստում կքննարկվեն նաև 2015 թ.–ի սեպտեմբեր–հոկտեմբերին Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ մեկ այլ մեխանիզմի` Հավաքական խաղաղարար ուժերի զորավարժությունները։ Այս մեխանիզմը կարող է տեսականորեն պահանջված լինել ինչպես Կենտրոնական Ասիայում, այնպես էլ Հարավային Կովկասում։
ՀԱՊԿ–ի գագաթնաժողովի ընթացքում կքննարկվի նաև Կենտրոնական Ասիայի պետություններում (որոնք ներառված չեն ՀԱՊԿ–ում) ստեղծված իրավիճակի սրումը։ Այդ պետությունների թվում է Թուրքմենստանը, որը հիմա բախվել է հետխորհրդային պատմության ընթացքում ամենալուրջ խնդիրների հետ, որոնք վերաբերում են աֆղանական սահմանին։
Գագաթնաժողովը կոչված է ընդգծել ՀԱՊԿ գործունեության դրական հիմքը` Կենտրոնական Ասիայում խաղաղության և կայունության պահպանումը, որը հետխորհրդային տարածքի ամենախոցելի տարածաշրջաններից է։
ՀԱՊԿ գագաթնաժողովը Դուշանբեում. Կայունության ամրապնդման քայլ Կենտրոնական Ասիայում
© Sputnik / Сергей Субботин
/ Բաժանորդագրվել
Անդրեյ Կազանցև, քաղաքական գիտությունների դոկտոր, ՄՄՀՊԻ–ի Վերլուծական կենտրոնի տնօրեն