ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի- Sputnik. Նախօրեին Լոռու մարզի Ախթալա քաղաքում խորովածի յոթերորդ փառատոնն ուրախացրեց տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին համեղ մսի, ձկան և բանջարեղենի խորովածների բազմազանությամբ:
Փառատոնի ընթացքում հայ բարձրակարգ խոհարարները ավանդական պայքար մղեցին: Մրցույթին մասնակցեց տարբեր ռեստորաններ և հասարակական կազմակերպություններ ներկայացնող 23 խոհարարական թիմ:
«Փառատոնի մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է: Նախկինում մեր կազմակերպությունն էր խոհարարների հրավիրում միջոցառմանը մասնակցելու համար, իսկ վերջին տարիներին թիմերը սկսել են ինքնուրույն ձևավորվել, քանի որ փառատոնի նկատմամբ հետաքրքրությունն աճել է»,- պատմեց «Հայկական խոհարարական ավանդույթների պահպանում և զարգացում» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Նրա խոսքով՝ խորովածի փառատոնը բարեգործական միջոցառում չէ, մասնակիցները որոշակի շահույթ են ստանում:
Նա ավելացրեց, որ Ախթալայի միջոցառման կազմակերպիչները չեն պատրաստվել նշել խորովածի ծագումը, քանի որ դա ավանդական հայկական կերակրատեսակ չէ: Ինչպես նշեց Մամուլյանը, խորովածը ճաշատեսակ չէ, այլ ողջ աշխարհում հայտնի մթերքների մշակման միջոց:
«Շատերը դատապարտում են տարբեր կերակրատեսակներին նվիրված փառատոն անցկացնելու նախաձեռնությունը, բայց նման միջոցառումներն օգնում են տարածել հայկական ազգային խոհանոցը, զարգացնել մեր երկրի մարզերը և բարենպաստ պայմաններ ստեղծել զբոսաշրջիկներին ներգրավելու համար»,- ասաց Մամուլյանը:
Փառատոնը կազմակերպել է «Հայկական խոհարարական ավանդույթների պահպանում և զարգացում» ՀԿ-ն՝ Ախթալայի քաղաքապետարանի և Լոռու մարզպետարանի աջակցությամբ:










