ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Բաղրամյան պողոտայից ոստիկանության բաժանմունք է բերման ենթարկվել 48 ցուցարար, հաղորդեց Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Իրավապահ ուժերը շաբաթ առավոտյան 05:30-ին հաշված րոպեների ընթացքում Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածն ազատեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարներից: Ոստիկանները ցուցարարներին հետ մղեցին դեպի մայթեր և մարդկանց մեկ-մեկ դուրս բերեցին` առանց հատուկ միջոցներ կիրառելու:
«Ներկա պահին արձանագրություն է կազմվում վարչական իրավախախտումների մասին: Բերման ենթարկվածներն ազատ կարձակվեն օրենքով սահմանված կարգով»,- ասաց Ահարոնյանը:
Սա էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի երկրորդ փուլն է: Ակցիան սկսվել էր հունիսին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագները 16 տոկոսով բարձրացնելու մասին որոշումից հետո, ընդ որում, «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունն առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով:
Երեկ երեկոյան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված ակցիայի հարյուրավոր մասնակիցները փորձել էին անցնել դեպի Բաղրամյան պողոտայում տեղակայված նախագահական նստավայր, սակայն չէին կարողացել կտրել ոստիկանական շղթան:
Ոստիկանություն. Բաղրամյան պողոտայից շուրջ 50 ցուցարար բերման է ենթարկվել
09:01 12.09.2015 (Թարմացված է: 09:27 12.09.2015)

© Sputnik / Асатур Есаянц
Բաժանորդագրվել
Ներկա պահին արձանագրությում է կազմվում վարչական իրավախախտումների մասին, ձերբակալվածները բաց կթողնվեն օրենքով սահմանված կարգով, հաղորդեց Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը