ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Իրավապահ ուժերը հաշված րոպեների ընթացքում Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածը մաքրեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարներից: Որոշ ցուցարարներ բերման են ենթարկել:
Ոստիկանները ցուցարարներին հետ մղեցին դեպի մայթեր, մարդկանց մեկ-մեկ դուրս էին բերում` առանց հատուկ միջոցներ կիրառելու: Միաժամանակ, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ էր անում ոստիկաններին զգույշ լինել:
Լրագրողներին նույնպես առաջարկվեց անցնել փողոցի ոչ երթևեկելի հատված:
Ոստիկանները շղթայել էին Բաղրամյան պողոտան` մայթի երկայնքով մի քանի շարք կազմելով: Մաքրած երթևեկելի հատվածը մի քանի անգամ մաքրվեց ջրցաններով:
Սա էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի երկրորդ փուլն է: Ակցիան սկսվել էր հունիսին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագները 16 տոկոսով բարձրացնելու մասին որոշումից հետո, ընդ որում, «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունն առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով:
Նախօրեի երեկոյան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի հարյուրավոր մասնակիցներ փորձ էին կատարել անցնել դեպի Բաղրամյան պողոտայում տեղակայված նախագահական նստավայր, սակայն չեն կարողացել կտրել ոստիկանական շղթան:
Ավելի վաղ ոստիկանության տարածած հայտարարությունում նշվում է, որ ակցիայի մասնակիցները շեղվել են ավելի վաղ հայտարարած շարժման երթուղուց, անօրինական երթ են կազմակերպել դեպի Բաղրամյան պողոտա և ամբողջությամբ փակել են տրանսպորտի երթևեկությունը` անտեսելով իրավապահ ուժերի բազմաթիվ նախազգուշացումները:
Փաստաթղթում նշվում է, որ հավաքների իրավունքի իրագործման ցանկացած ձև պետք է համապատասխանի Սահմանադրությանը և «Հավաքների ազատության մասին» օրենքին, իսկ հենց այդ իրավունքը բացարձակ բնույթ չի կրում և կարող է սահմանափակվել քաղաքացիական հասարակությունում հանրային կարգի պահպանման շահերի և սահմանադրական կարգի ու այլ անձանց ազատությունների պաշտպանության շրջանակում, այդ թվում` տրանսպորտային նորմալ երթևեկության ապահովման համար:
Ոստիկանությունում նշեցին, որ Բաղրամյան պողոտայի երկարատև արգելափակումն անօրինական է և խախտում է հասարակության շահերը:
Ելնելով դրանից` ոստիկանութունը կազմակերպիչներին և մասնակիցներին ժամանակ էր տվել մինչև սեպտեմբերի 12-ի առավոտյան 05:00-ն` իրենց պահանջներն արտահայտելու և Բաղրամյան պողոտան բացելու համար, այն պայմանով, որ հավաքը կշարունակի խաղաղ բնույթ կրել:
Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասն ազատվել է ցուցարարներից
06:33 12.09.2015 (Թարմացված է: 12:36 12.09.2015)

© Sputnik / Асатур Есаянц
Բաժանորդագրվել
Ոստիկանները ցուցարարներին հետ մղեցին դեպի մայթեր, մարդկանց մեկ-մեկ դուրս էին բերում` առանց հատուկ միջոցների