ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կստանձնի ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը։
ՌԴ–ն առաջիկա ամիսների համար աշխատանքային ծրագիր է առաջարկել, որի հիմնական թեմաներն են Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հյուսիսի հակամարտությունների կարգավորման հարցը, ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարը։
Հոբելյանական սեպտեմբեր
Խորհուրդն ունի 15 անդամ, երկիր–նախագահի ընտրությունն անցկացվում է անգլերենի այբբենական կարգով։ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահությունը համընկնում է Համաշխարհային կազմակերպության աշխատանքային ամենաակտիվ ամսվա հետ։
Սեպտեմբերի 15-ին բացվում է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նստաշրջանը, իսկ սեպտեմբերի 28-ին մեկնարկում է բարձր մակարդակի նստաշրջանը, որին մասնակցելու են երկրի ղեկավարներ և կառավարության մեծամասնությունը, ինչպես նաև` ԱԳՆ ղեկավարը։ Հատուկ գագաթաժողովի ժամանակ` սեպտեմբերի 25-27-ը համաշխարհային առաջնորդները պետք է ընդունեն 2015 թվականից հետո Գլոբալ զարգացման օրակարգը։
Ռուսաստանի օրակարգը ԱԽ–ում
Ռուսաստանը հայտարարել է, որ իր նախագահության ընթացքում հիմնական թեմաների շարքում են լինելու Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հյուսիսի հակամարտությունների կարգավորումը, ինչպես նաև ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարը։ Այդ հիմնահարցը կքննարկվի նախարարական նիստի ժամանակ, որն անցկացնելու է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 30-ին։
Ռուսաստանն այդ թեման առաջարկել է, երբ տարածաշրջանի իրավիճակն արաբա–իսրայելական հակամարտությանը զուգընթաց ավելի էր բարդացել Սիրիայում, Իրաքում, Եմենում և Լիբիայում ծավալված նոր արյունահեղ հակամարտություններով, և մի շարք պետություններ կանգնեցին սեփական տարածքային ամբողջականության կորստի վտանգի առաջ։
«Պետք է համալիր վերլուծության ենթարկել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հակամարտությունների առաջացման հարցը, համատեղ աշխատանքների ուղղություններ մշակել, որը հիմնված կլինի ՄԱԿ–ի օրենսդրության հիման», – հայտնել է ՄԱԿ–ի ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը` նախագահության նախօրեին։
«Սեպտեմբերի 30-ին մենք նախատեսում ենք նախարարական մակարդակով բաց նիստ անցկացնել, որի թեման կլինի «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանում. Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում հակամարտությունների կարգավորում և տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարը»։
Նիստի արդյունքում նախատեսվում է ընդունել Խորհրդի նախագահի դիմումը, որտեղ նշվելու է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում հակամարտությունների դադարեցման անհրաժեշտությունը։
«Համոզված ենք, որ այդ թեմայի արդիականության ապացույցն է Խորհրդի օգոստոսյան աշխատանքը, երբ մենք հատ–հատ, առանձին թեմաներով փորձում էինք քանդել մերձարևելյան խնդիրների կծիկը։ Այդ փորձը ցույց տվեց, որ տարածաշրջանային խնդիրների կարգավորումը հնարավոր է միայն համընդհանուր մոտեցում ցուցաբերելու պարագայում, միջազգային օրենսդրության ամուր հիմքերով, առանց երկակի ստանդարտների և Անվտանգության խորհրդի առաջնային հարցերի վրա հիմնվելով», – ասել է նա։
ԱԽ նախարարական հանդիպմանը նախորդելու են տարածաշրջանային թեմատիկային վերաբերող մի շարք նիստեր։
Լիբիա
Օրակարգում ընդգրկված է Լիբիայի իրավիճակի դիտարկումը և երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ռեժիմը։ Այս տարվա մարտին մեկ տարով երկարացվել է Լիբիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների գործողության ժամկետը։ Պատժամիջոցները վերաբերում են երկրից նավթի անօրինական արտահանմանը, ծայրահեղականների կողմից վերահսկվող շրջաններից նավթի դուրսբերմանը։
ԱԽ–ում միաձայն ընդունած բանաձևում բացակայում էր կառավարությանը զենքի մատակարարման արգելքը հանելու մասին դրույթը, ինչի մասին այն ժամանակ խնդրում էին երկրի իշխանությունները։ Սեպտեմբերին նաև ակնկալվում է երկրում ՄԱԿ–ի խաղաղապահ առաքելության մանդատի երկարացում։ Առաքելության մանդատը լրանում է 2015 թվականի սեպտեմբերի 15–ին։
Լիբիայի հակամարտող կողմերը ՄԱԿ–ի միջնորդությամբ շարունակում են աշխատել ազգային միասնության կառավարության ձևավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու ուղղությամբ։ «Չնայած զգույշ լավատեսությանը, որը նախորդ շաբաթ արտահայտել է գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բերնարդինո Լեոնը քաղաքական համաձայնագրի շուրջ աշխատանքի հեռանկարների վերաբերյալ, մտահոգության շատ առիթներ կան։ Իսկ պետությունը շարունակում է փլուզվել, ինչից օգտվում են ահաբեկչական կազմակերպությունները, այդ թվում` ԻԼԻՊ–ը»,– երկուշաբթի ասել է Չուրկինը։
Խոսելով Լիբիայի իրավիճակի մասին` ռուս մշտական ներկայացուցիչը նշել է «քաոսի մեջ ընկղմված Լիբիայից դեպի Եվրոպայի ափերը մեկնող անօրինական միգրանտների ալիքները»։
Սիրիա
Սեպտեմբերին կշարունակվի սիրիական հարցի շուրջ աշխատանքը։ Խորհուրդը կանոնավոր կերպով քննարկում է երկրի մարդասիրական դրությունը, ինչպես նաև քիմիական զինաթափման շարունակվող գործընթացը։
Օգոստոսի 7–ին Անվտանգության խորհուրդն ընդունել է 2235 բանաձևը, որը ստեղծում է Սիրիայում թունաքիմիկատների կիրառման դեպքերի քննության համատեղ մեխանիզմ։ Նախորդ շաբաթ գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ԱԽ–ին փոխանցել է ՄԱԿ–ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ խմբի ձևավորման կարգադրություններ` քիմիական նյութերի օգտագործման դեպքերի քննության վերաբերյալ։
Ռուսաստանը հույս ունի, որ նոր առաքելությունը «կաշխատի պրոֆեսիոնալ և անկողմնակալ»։ «Դա հատկապես կարևոր է, հաշվի առնելով այն, որ, ինչպես ցույց է տվել Անվտանգության խորհրդում այդ գործով աշխատանքը, ԱԽ որոշ անդամներ պատրաստ են ամեն կերպ պաշտպանել ահաբեկիչներին` սեփական շահեր հետապնդելով»,– ընդգծել է Չուրկինը։
Իրաք
Վերջին օրերին տեղեկություն է հայտնվել այն մասին, որ «Իսլամական պետության» գրոհայինները քիմիական նյութեր են կիրառել Իրաքում։ Այդ կապակցությամբ Ռուսաստանն անհրաժեշտ է համարում, որ Սիրիայում քիմիական զենքի պատասխանատուների սահմանելու առաքելությունն աշխատի նաև Իրաքում։
Նախօրեին Չուրկինը հայտարարել էր, որ «Անվտանգության խորհուրդը պետք է բանաձև ընդունի, որը կտարածեր այդ մեխանիզմի մանդատը նաև Իրաքի վրա»։ «Սկսել ենք համապատասխան աշխատանքը։ Վստահ ենք, որ այդպիսի բանաձևի ընդունումն անհապաղ գործ է, սակայն այն ընդամենը մի «աղյուս» կլիներ տարածաշրջանային սուր խնդիրների լուծման հիմքում»,– ասել է նա։
Նրա խոսքով, ԻՊ գրոհայինները փորձում են վերահսկողության տակ վերցնել ավելի մեծ տարածքներ։
Մերձավոր Արևելք և Կենտրոնական Ասիա
Ռուսական նախագահության ընթացքում ԱԽ–ն կրկին կքննարկի իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հոլանի բարձունքների իրադարձությունների զարգացումը։ ՄԱԿ ԱԽ անդամները նաև կանցկացնեն ՄԱԿ–ի` Կենտրոնական Ասիայի համար կանխարգելիչ դիվանագիտության տարածաշրջանային կենտրոնի (ԿԱՀԴՏԿ) գործունեության տեսություն։
ՄԱԿ–ի Կենտրոնը հիմնադրել է Անվտանգության խորհուրդը 2007 թվականին Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախաձեռնությամբ միջազգային ահաբեկչության և թմրանյութերի արտադրության աճի կապակցությամբ։ ԿԱՀԴՏԿ օրակարգի ևս մեկ հարցը Կենտրոնական Ասիայի երկրների բնական պաշարների խելամիտ օգտագործումն է։ Մասնավորապես, Դուշանբեի և Տաշքենդի միջև շարունակվում է վեճը Տաջիկստանի` երկրում Ռոգունի ՋԷԿ կառուցելու նախաձեռնության շուրջ։
Սեպտեմբերին Խորհուրդը կներկայացնի Իրանի նկատմամբ պատժամիջոցների կոմիտեի զեկույցը։ Կդիտարկվեն նաև Աֆղանստանի, Լիբերիայի իրավիճակը, միջսուդանական հարաբերությունների հարցերը, Աբիեում (որին հավակնում են Սուդանը և Հարավային Սուդանը) ՄԱԿ–ի ժամանակավոր ուժերի գործունեությունը։
Օգոստոսին ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի նախագահը Նիգերիան էր։ Ռուսաստանն իր հերթին հոկտեմբերի մեկին նախագահությունը կփոխանցի Իսպանիային։
