ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի–Sputnik. Երկուշաբթի 83 տարեկանում մահացել է հայտնի հայ գործարար, բարերար, Հայաստանի գոլֆի ազգային ասոցիացիայի նախագահ և «Վահագնի թաղամասի» կառուցապատող Վահագն Հովնանյանը։
Այս տեղեկությունը հաստատել է Հայաստանի գոլֆի ազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար և գլխավոր մարզիչ Կարեն Հովհաննիսյանը։
ԶԼՄ–ների տվյալով` Հովնանյանի մոտ ուռուցքային հիվանդություն է ախտորոշվել։
Վահագն Հովնանյանը ծնվել է Իրաքի Քիրքուք քաղաքում, ավարտել է Ֆիլադելֆիայի Սուրբ Ջոզեֆի համալսարանը` ստանալով բակալավրի աստիճան ֆիզիկայի ոլորտում։
1959թ.–ին Հովնանյանն ու նրա եղբայրները հիմնադրել են Hovnanian Brothers Corporation կորպորացիան, որտեղ նա զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը։ Հաջորդ տասը տարիների ընթացքում Հովնանյան եղբայրները մշակել են բազմաթիվ նախագծեր և կառուցել հազարավոր տներ Նյու Ջերսի նահանգում։
1969թ.–ին Հովնանյանը հիմնել է Hovbilt Inc. սեփական շինարարական ընկերությունը, որը հետագա տարիներին մեծ հաջողությունների է հասել բնակելի համալիրների կառուցման ոլորտում։
Շահույթի աճին զուգընթաց ձևավորվել են մի քանի դուստր ընկերություններ`տարբեր ուղղվածություններով, որոնք ներառվել են V.S. Hovnanian Group, Inc–ում, այդ ընկերությունների թվում են Adelphia Water Company–ն, Adelphia Sewer Company–ն, Hovnanian Realty–ն, Clear Title Agency–ն և Grandview Cable–ը։
1985թ.–ին Հովնանյանն ու նրա որդին` Շանթը, ստեղծել են CellularVision Inc հեռահաղորդակցական ընկերությունը, որը հետագայում վերանվանվել է SpeedUS, Inc–ի։
Վահագն Հովնանյանն Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից է։ ԱՄՆ–ում նրա անունը հայտնի է գործարար շրջանակում։
1988թ.–ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Հովնանյանը նպաստել է կրթության զարգացմանը, նախաձեռնել է դրամահավաք և հարյուր հազարավոր դոլարներ փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինին` աղետի գոտում նոր դպրոցներ և ուսումնական հաստատություններ կառուցելու նպատակով։
Մահացել է հայտնի հայ գործարար և բարերար Վահագն Հովնանյանը
Բաժանորդագրվել
ԶԼՄ–ների տվյալներով` Հովնանյանի մոտ ուռուցքային հիվանդություն է ախտորոշվել