ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հայտնի հայ ֆուտբոլային մեկնաբան Խաչիկ Չախոյանն ու Էդուարդ Քալանթարյանը համարում են արդար և սպասելի «Բարսայի» հարձակվող Լիոնել Մեսիի ընտրությունը` որպես ՈՒԵՖԱ վարկածով 2014/15 սեզոնի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։
Մեսիի պարգևատրման արարողությունն անցկացվել է նախօրեին Մոնակոյում 2015/16 թվականի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության շրջանակներում։ Արգենտինացին մրցանակի է արժանանում արդեն երկրորդ անգամ` առաջին անգամ նա Եվրոպայի լավագույն խաղացող է ճանաչվել 2011 թվականին։
«Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ» կոչմանը հավակնում էին նաև Կատալոնացիների հարձակվող Լուիս Սուարեսը և Մադրիդի «Ռեալի» հարձակվող, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն։
2014/15 սեզոնի լավագույն ֆուտբոլիստ` կանանց մրցաշարում դարձել է գերմանուհի Սելիա Սասիչը, ով իր կարիերան ավարտել է 2015 թվականի աշխարհի առաջնությունից հետո` 27 տարեկան հասակում։ Սասիչը դարձել է առաջնության լավագույն ռմբարկու, որտեղ գերմանուհիները 6 գոլով չորրորդն էին։
Հայ փորձագետների կարծիքը
«Բոլոր խաղերը, որին մասնակցել է Լիոնել Մեսին, վկայում են նրա յուրահատուկ տաղանդի մասին, որը առանձնակի նշանակալի է դարձնում ժամանակակից ֆուտբոլը», – «Sputnik-Արմենիա» պորտալին ասել է մեկնաբան Խաչիկ Չախոյանը։
Նրա խոսքերով` դրա ամենավառ ապացույցն է «Բավարիայի» դարպասն ուղարկած գնդակը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ժամանակ, որտեղ Մեսին ցուցադրեց իր հրաշալի կատարողական վարպետությունը։
«Մեսին ժամանակակից ֆուտբոլի` դեռևս ոչ ամբողջությամբ մշակված ադամանդն է, ով կատարելագործվում է յուրաքանչյուր խաղի ընթացքում», – ընդգծել է Չախոսյանը։
Դրա հետ մեկտեղ, հեռուստամեկնաբան Էդուարդ Քալանթարյանը կարծում է, որ Մեսիի հաղթանակը Սուարեսի և Ռոնալդուի նկատմամբ ակնհայտ էր։
«Դա պարզ էր դեռ մինչև սեզոնի ավարտը։ Եվ եթե այսպես շարունակվի, ԱԱ Գավաթը նույնպես բաժին կհասնի արգենտինացի ֆուտբոլիստին», – ավելացրեց Քալանթարյանը` պատասխանելով «Sputnik-Արմենիա» պորտալի թղթակցի հարցին։
Լեո Մեսին ճանաչվել է 2015 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։
Ինչո՞ւ հենց Մեսին
Մեսին ստացել է ՈՒԵՖԱ–ի կայքի այցելուների ավելի քան 199 հազար ձայն (շուրջ 40%), որոնք մասնակցել են 2014-2015 թվականի սեզոնի եվրոպական տարածաշրջանների բոլոր առաջնությունների ամենագեղեցիկ գոլի ընտրությունների քվեարկությանը։
Ֆուտբոլային երկրպագուները լավագույն գոլ են ճանաչել արգենտինացու` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» «Բավարիայի» դեմ առաջին խաղում Մանուել Նոերի դարպասն ուղարկած գոլը։
Պարգևատրման պատմությունը
ՈՒԵՖԱ–ն Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի համար մրցանակն է սահմանել 2011 թվականին և առաջին մրցանակակիրն է դարձել հենց Մեսին։ Նույն ակումբում խաղացող նրա խաղընկեր իսպանացի Անդրես Ինեստան արժանացել է 2012 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ կոչմանը։
2013 թվականին մրցանակին արժանացել է «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, իսկ անցյալ տարի` Կրիշտիանու Ռոնալդուն։