ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի– Sputnik. Սահմանադրական բարեփոխումների մասին հնարավոր չէ միանշանակ ասել՝ լավն են կամ վատը: Իրականում կան կարևոր փոփոխություններ, որոնք հիմնականում դուրս են մնում հանրության ուշադրությունից: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Մովսես Դեմիրճյանը:
Որպես կարևոր փոփոխության օրինակ բանախոսը մատնանշում է մեկ բառի փոփոխության դրույթը. գործող սահմանադրությամբ ամրագրված է, որ քաղաքացին պարտավոր է ենթարկվել դատարանի որոշմանը: Մինչդեռ, սահմանադրության փոփոխության նախագծում գրված է՝ քաղաքացին պարտավոր է ենթարկվել դատարանի իրավաչափ որոշմանը: «Այսինքն, կան այնպիսի փոփոխություններ, որոնք տրամաբանական են, ռացիոնալ և դրանք վաղուց էր պետք է անել: Այս իմաստով սահմանադրական բարեփոխումները դրական են: Փոփոխություններ կան, որոնք հարցեր են առաջացնում, և երևի թե պետք է լրացվեն կամ պարզաբանվեն»,-նկատել է նա:
Մովսես Դեմիրճյանի խոսքով՝ սահմանադրությունը պետք է ինչ-որ ժամանակ աշխատի, որպեսզի սոցիալական իրականության հետ նրա հարաբերությունը, հնարավոր հակասությունները բացահայտվեն: Իսկ գործող սահմանադրությունն ինչ-որ առումով արդեն չի համապատասխանում նոր զարգացումներին: «Օրինակ՝ գործող սահմանադրությամբ ՏԻՄ ղեկավարները չեն հանդիսանում պետության ներկայացուցիչ, այսինքն, քաղաքի կամ գյուղի ղեկավարը պետության ներկայացուցիչ չէ: Գործող սահմանադրությունում գրված է, որ մարդու հիմնարար ազատությունները և իրավունքները պաշտպանվում են պետության կողմից, բայց դա նշանակումն է, որ, օրինակ, նրանք չեն պաշտպանվում համայնքի ղեկավարի կողմից: Նոր սահմանադրության նախագծով՝ «պետություն» բառը հանված է, տեղը գրված է «հանրային իշխանություն», որի մեջ մտնում է նաև ՏԻՄ-ը: Այսինքն, որոշ ոլորտներում մեր կյանքն առաջ է գնացել, և 2005-ի փոփոխություններով գործող սահմանադրությունը, իրականում, արդեն պետք է փոխվեր»,- պարզաբանել է բանախոսը:
Քաղաքական վերլուծաբանն ընդունում է, որ շատ- շատ կետերով այդ փոփոխություններն անհրաժեշտություն էր, սակայն միաժամանակ հավելում է, որ ամենախնդրահարույց փոփոխությունը կատարվել է ընտրություններին վերաբերող հոդվածում, ինչն էլ նշանակում է, որ հնարավոր չէ միանշանակորեն պնդել, թե բարեփոխումները լավ են, թե ոչ:
Նոր սահմանադրության նախագիծն ավելի մեծ պատասխանատվություն է դնում կուսակցությունների վրա, նրանք ստիպված են լինելու ընտրողի հետ ավելի սերտորեն աշխատել, ավելի ռացիոնալ և տրամաբանական դաշտում: Թե որքանո՞վ կաշխատեն այս փոփոխությունները, Դեմիրճյանը դժվարանում է ասել, սակայն ընդգծում է. «բայց փաստն այն է, որ կառավարման այն ձևը, որը ենթադրում է նոր սահմանադրությունը, ավելի մեծ չափով ընկնում է հենց կուսակցությունների և քաղաքական դաշինքների, ոչ թե անձանց կամ անձի վրա»:
«Կուսակցությունների միջև մրցակցություն ապահովելու, կուսակցություններին ավելի լավ աշխատելուն մոտիվացնելու տեսանկյունից, սա լավ բան է: Գործող սահմանադրությամբ՝ նախագահի պարտավորությունները շատ են, նոր սահմանադրության նախագծով որոշ պարտականություններ, լիազորություններ վերապահվում են ոչ թե մեկ անձի կամ անձերի, այլ քաղաքականության սուբյեկտներին` կուսակցություններին: Սա եվրոպականացման ճանապարհին նոր, հերթական քայլ է, որը նորմալ քայլ է: Չգիտեմ` մեր կուսակցությունները պատրա՞ստ են դրան, թե՞ ոչ, խնդիրն արդեն ոչ թե օրենքի մեջ է, այլ կուսակցությունների»,- ընդգծել է բանախոսը:
Հնարավոր չէ միանշանակ ասել՝ սահմանադրական բարեփոխումները լավն են կամ վատը
13:30 28.08.2015 (Թարմացված է: 13:32 28.08.2015)
© SputnikКонституция
© Sputnik
Բաժանորդագրվել
Նոր սահմանադրության նախագիծն ավելի մեծ պատասխանատվություն է դնում կուսակցությունների վրա, նրանք ստիպված են լինելու ընտրողի հետ ավելի սերտորեն աշխատել, ավելի ռացիոնալ և տրամաբանական դաշտում