Երևան, 27 օգոստոսի – Sputnik. Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Թարգմանչաց եկեղեցին 7-րդ դարի առաջին կեսին կառուցված եկեղեցի է, որն իր ճարտարապետությամբ նման է Վաղարշապատի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն։
Ցավոք, Թարգմանչաց եկեղեցին երկրաշարժի հետևանքով ավերվել էր դեռ XVII դարում։ Պահպանվել են կառույցի միայն որոշ հատվածները։
Մասնագետները համարակալել են Թարգմանչաց եկեղեցու քարերը, կատարվում են վերաշարման աշխատանքներ, և վերականգնման ընթացքում կօգտագործվի եկեղեցու հին քարերի 60-70 տոկոսը։
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Թարգմանչաց եկեղեցի կատարած այցի ժամանակ նշել էր այն փաստը, որ թեպետ Թարգմանչաց վանքը հինավուրց հուշարձան է, բարեբախտաբար, բավականին լավ է պահպանվել։
«Որպեսզի եկեղեցին ավելի արագ վերականգնվի, պետական հատկացումները կավելացվեն: Հարկավոր է ժամանակն արդյունավետ օգտագործել` հուշարձանը հնարավորինս արագ վերականգնելու համար։ Զբոսաշրջության տեսանկյունից այն գրավիչ վայր կդառնա և աշնանը Թարգմանչաց տոնի մեկնարկը հենց այստեղ կտրվի։ Թարգմանչաց եկեղեցու պատմությունն ու նշանակությունը հանրահռչակելու համար պետք է բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել»,– ասել էր Պողոսյանը։
Եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել են 2012թ.–ին։ 2015թ.–ին այդ աշխատանքների համար հատկացվել է 20 մլն դրամ (շուրջ 41,7 հազար դոլար)։ Բայց 2016թ.–ի բյուջեում այդ գումարը կավելանա առնվազն երկու անգամ։













