ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ Հայաստանը ստանձնել է մի շարք պարտավորություններ, այդ թվում՝ ստորագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որի շրջանակում ապաքրեականացրել է միասեռ հարաբերությունները, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը։
Նա հիշեցրեց, որ նախկինում ՀՀ օրենսդրությամբ դա համարվում էր քրեորեն պատժելի, մինչդեռ 2001թվականին Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո հանվել է քրեական պատասխանատվությունը:
«Հիմա քննարկումները ծավալում են հիմնականում մեկ խնդրի շուրջ` միասեռ ամուսնության, այլ ոչ թե այդ հարաբերությունների թույլատրման: Եվրոպական մի շարք երկրներում այս խնդիրը վաղուց քննարկման առարկա է, որոշ երկրներ թեև Եվրոպայի խորհրդի անդամ են, չեն ընդունում, որոշներում այդ միությանը տրված է հատուկ իրավական կարգավիճակ, որոշ երկրներում այդ կարգավիճակը գրեթե հավասարեցված է ավանդական ընտանիքին»,-ասել է նա՝ մեկնաբանելով Վենետիկի հանձնաժողովի անդամի՝ միասեռ ամուսնության մասին Երևանում արված հայտարարությունը:
Սահմանադրական բարեփոխումների փաթեթում կա ընտանիքի պաշտպանության մասին դրույթ: Քաղաքագետի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը պնդում է, որ այդ դրույթը չընկալվի որպես միասեռ միությունների կամ ընտանիքների կազմավորման արգելք:
«Հենց դրա շուրջ են ծավալվում քննարկումները, պահանջն այն է, որ ոչ թե ամրագրվի այդպիսի իրավունքը, այլ արգելք չլինի: Մենք պարտավորված ենք մարդու իրավունքների պաշտպանության շրջանակում բոլորին դիտարկել որպես քաղաքացի՝ անկախ կրոնական, ռասայական, սեռական կողմնորոշումից, բայց պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր երկիր ունի մշակութային իր սպեցիֆիկան, ինչը ժամանակ առ ժամանակ դրսևորվում է նաև Եվրամիության երկրներում»,-պարզաբանել է Նարեկ Գալստյանը:
Ինստիտուցիոնալ տեսանկյունից արտասովոր իրավիճակ է ստեղծվում՝ Հայաստանն անդամակցում է միջազգային կառույցների, որի շրջանակում ստանձնում է պարտավորություններ, սակայն դրանց կատարման ընթացքում ի հայտ են գալիս իրավիճակներ, որոնց հասարակության մի մասը համաձայն չէ: Քաղաքագետը հավելում է՝ դատելով սոցհարցումներից միասեռ ընտանիքներին դեմ է հասարակության գերակշիռ մասը:
«Այսինքն՝ մենք պատահականորեն ստանձնել ենք պարտավորություններ, որոնք հասարակության մեծամասնության համար անընդունելի են: Սա իրականում լուրջ խնդիր է: Դժվար է ասել` որն է ճիշտ. պետական քաղաքականությու՞նը պետք է առաջնորդի հանրային գիտակցությունը, թե՞ հանրային գիտակցությունը պետք է առաջնորդի պետական քաղաքականությունը: Երկուսն էլ երբեմն լինում են ճիշտ, երբեմն՝ սխալ»,-նկատել է բանախոսը:
Քաղաքագետ. Վենետիկի հանձնաժողովի պահանջը ոչ թե միասեռ միության ամրագրումն է, այլ դրան արգելք չդնելը
13:45 27.08.2015 (Թարմացված է: 13:47 27.08.2015)
© ТravelnewsЕреван, Армения
Բաժանորդագրվել
Հայաստանն անդամակցում է միջազգային կառույցների, ստանձնում է պարտավորություններ, սակայն հետո ի հայտ են գալիս իրավիճակներ, որոնց հասարակության մի մասը համաձայն չէ, նշում է քաղաքագետը
Գալստյանն այս համատեքստում կարևորում է ազգային ընկալման հարցը: «Այսինքն՝ եթե մեզ ընկալում ենք եվրոպացի, ապա պետք է առաջնորդվենք այն նորմերով, որն ընդունելի է եվրոպական բոլոր պետությունների համար, եթե ընկալում ենք կովկասցի, ապա կովկասյան և այլն: Իրականում սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համարվում ենք առավելապես ինքնաբավ ՝ որպես հայկական սպեցիֆիկ մշակույթի կրող: Սակայն, այս պարագայում պետք է կարողանանք մեր պետական քաղաքականությունը համապատասխանեցնել դրան»,-ընդգծել է Նարեկ Գալստյանը: