ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Հայաստանի նախագահի մամուլի նախկին քարտուղար Արման Սաղաթելյանը, «Հայկական ժամանակ» թերթի տեղեկացմամբ, կգլխավորի «Արմենիա» հեռուստաընկերության ամերիկյան գրասենյակը։
Արման Սաղաթելյանը հուլիսի 18–ին Facebook-ի իր էջում գրել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել` նշելով, որ այլ աշխատանքի հրավեր է ստացել։
PanArmenian Media Holding (պարբերականի տվյալներով` պատկանում է նախագահ Սերժ Սարգսյանի փեսային) ընկերության կազմում ընդգրկված «Արմենիա» հեռուստաընկերությունն ԱՄՆ Բերբանկ քաղաքում հեռարձակվում է շուրջօրյա։
Պետության ղեկավարի մամուլի նոր քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը, ով ավելի վաղ զբաղեցրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության բաժնի պետի պաշտոնը` մայորի կոչումով։