ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության աճը նկատվում է դեռևս նախորդ տարվանից, սակայն այժմ արդեն նկատվում են առավել խոշոր տրամաչափի զենքի կիրառման միտումներ, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է քաղաքագետ Նարեկ Մինասյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմից արևելյան ուղղությամբ թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքի կիրառումը:
«Տվյալ հրթիռային համակարգի գործարկումը պայմանավորված էր մեկ օր առաջ Բաքվի ունեցած կորուստներով: ԼՂՀ պաշտպանության բանակի տվյալով՝ ադրբեջանական կողմը ունեցել էր չորս զոհ և տասնհինգ վիրավոր, ինչը լուրջ կորուստ է», — նշել է բանախոսը:
Հրադադարի խախտումները, լարվածության ակտիվացումը, այնուհետև որոշակի դադարը քաղաքագետը պայմանավորում է բանակցային գործընթացով, միջազգային հանրության կոշտ արձագանքով և այլ գործոններով:
«Սակայն, ընդհանուր առմամբ, ակտիվությունն ավելի շատ է արձանագրվում, ինչը կարելի է պայմանավորել մի քանի գործոնով, մասնավորապես այն հանգամանքով, որ միջազգային հանրությունը, հիմնական գերտերություններն այսօր կենտրոնացած են ուկրաինական հակամարտության վրա, և ոչ բավարար ուշադրություն է հատկացվում ինչպես արցախյան, այնպես էլ օսական, աբխազական խնդիրներին», — նկատել է քաղաքագետը:
Ուշադրության պակասով էլ պայմանավորված՝ Ադրբեջանը փորձում է հնարավորինս ուշադրություն հրավիրել արցախյան հակամարտության վրա՝ սրելով իրավիճակը սահմանին: Նարեկ Մինասյանը չի բացառում նաև, որ այս ամենը կարող է պայմանավորված լինեն հենց Ադրբեջանի ներսում ընթացող գործընթացներով:
«Ինչպես նաև վերջին ժամանակաշրջանում նավթի գների անկումը, ադրբեջանական մանաթի ունեցած լուրջ խնդիրները որոշակի անհանգստություն են առաջացնում հենց ադրբեջանական իշխանությունների շրջանում: Կա մտավախություն, որ այս ամենը կարող է հանգեցնել սոցիալական դժգոհությունների»,-ասել է նա:
Մինասյանի խոսքով՝ սահմանային լարվածությունը, եթե ոչ որոշիչ, ապա կարեւոր գործոն է նաև երկրում սոցիալական լարվածությունը նվազեցնելու համար:
«Թե որքանով Ալիևին կհաջողվի արցախյան գործոնով ճնշել սեփական հանրությանը` սոցիալական բռնկումներից խուսափելու համար, հարաբերական է: Բոլորս էլ գիտենք, որ բռնապետական ռեժիմը երկար չի կարողանում գոյատևել, և վաղ թե ուշ, տարբեր գործոններով պայմանավորված, գալիս է մի իրավիճակ, երբ հանրությունն արդեն չի կարողանում հանդուրժել առկա պայմանները և ոտքի է կանգնում: Ադրբեջանում, եթե ոչ առաջիկայում, ապա մի քանի տարի անց, հնարավոր է լինեն նման գործընթացներ»,-տեսակետ է հայտնել քաղաքագետը:
Քաղաքագետ. սահմանին լարվածություն հրահրելով` Ադրբեջանը փորձում է խնդիրներ լուծել
© Photo : press office of the MoD of RAармия оборона Карабах граница военнослужащий НКР
© Photo : press office of the MoD of RA
Բաժանորդագրվել
Հրադադարի խախտումները, լարվածության ակտիվացումը, այնուհետև որոշակի դադարը քաղաքագետը պայմանավորում է բանակցային գործընթացով, միջազգային հանրության կոշտ արձագանքով և այլ գործոններով