Հայկական ծագումով հայտնի ռուսաստանցի ջազ երգչուհի, «Ձայն» նախագծի հաղթող Մարիամ Մերաբովան «Sputnik-Արմենիա» պորտալին պատմել է նախագծում իր մասնակցության, շոու բիզնեսի զարգացման և իր երաժշտական նախասիրությունների մասին
- «Ձայնը» մի նախագիծ է, որտեղ կա և՛ ժյուրիի, և՛ SMS հաղորդագրության գործոնը։ Ինչպե՞ս եք վերաբերվում նմանատիպ մրցույթներին։ Ի՞նչ եք կարծում` հնարավո՞ր է լավագույնին ընտրել SMS հաղորդագրությունների միջոցով։
— Ես ընտրեցի այդ մրցույթը, քանի որ կարծում եմ, որ այն միակն է, որի ձևաչափում ես կարող էի մասնակցել։ Այնտեղ ես կարող եմ կատարել իմ նախընտրած երաժշտությունը։ Մրցույթը բավականին արդար է` սկսած հայտերի լրացման պահից մինչև քասթինգ և մինչև եզրափակիչ։ Պատկերացրեք, որ ինձ հետ միասին քասթինգներին մասնակցում էին շատ հայտնի կատարողներ, և, ի դեպ, նրանց մեծամասնությունը չանցավ։ Չնայած` լարումը մեծ էր։
– Իսկ ինչու՞ Դուք անցաք, իսկ նրանք` ոչ։
– Չգիտեմ։ Միգուցե ժամանակն էր։ Ես այդպես եմ կարծում։ Ես համոզված եմ, որ այն ամենն, ինչ տեղի է ունենում, կատարվում է Աստծո կամոք։ Այլ հարց է` որքանով ենք մենք պատրաստ որևէ բանի։ Սակայն, կարծես, պահին ես այնքան պատրաստ էի, որ դա վերջապես թույլատրված էր ինձ։
– Դուք մինչ այդ նախագիծն արդեն կայացած երգչուհի էիք։ Ինչպե՞ս կբնութագրեիք ինքներդ Ձեզ շոուից առաջ և հետո։
– Կարող եմ վիճել։ Ես համոզված եմ, որ արտիստները, արվեստի մարդիկ չեն կարող հավաստել, որ իրենք կայացել են որևէ որոշակի փուլում։ Սա անդադար գործընթաց է, և կանգ առնել չի կարելի։
– Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել Ձեր ստեղծագործական կյանքում մրցույթին մասնակցելուց հետո։
– Առաջին հերթին` ներքին զգացողությունն է փոխվել։ Ես թույլ տվեցի ինձ երգել այն, ինչ երբեք չէի երգել։ Դա ինձ համար չափազանց կարևոր է։ Խորհրդային ժամանակներում, այն ամենն, ինչ համարվում էր «լավ երաժշտություն», «եփվում» էր «էստրադա» ընդհանուր անվան տակ։ Իսկ արդեն ներսում բաշխվում էր այնպիսի ուղղությունների, ինչպես ջազ կամ սոուլ` ինչպես ռուսերենով, այնպես էլ հայերենով։ Կային, իհարկե, նաև լավ պահեր։ Օրինակ` Արթուր Գրիգորյանի «Մեղեդի» երգը ես համարում եմ շեդևր, որը կարելի է դնել մի շարք հանճարեղ կոմպոզիցիաների կողքին։
– Հետևու՞մ եք «Ձայն» նախագծի մասնակիցների ելույթներին այլ երկրներում, օրինակ` Հայաստանում։ Կարո՞ղ եք նշել որևէ կատարողի։
– Ես, իհարկե, հետևում եմ հայկական «Ձայն» նախագծին, սակայն որևէ մեկին առանձին նշել չէի ցանկանա։ Բոլորը շատ տաղանդավոր են, քանի որ մենք տաղանդավոր ազգ ենք։ Ուշադրություն դարձրեք, թե որքան մարդ է մասնակցել ռուսական «Ձայն» նախագծին` սկսած ամենաառաջին սեզոնից։ Ե՛վ Մարգարիտա Պոզոյանը, և՛ Արծվիկ Հարությունյանը, և՛ Անդրեյ Դավիդյանը, ինչպես նաև Արթուր Բեսթը, Սամվել Վարդանյանը և Ալբերտ Մուսայելյանը։ Նրանք բազմաթիվ են… «Կույր» լսումների առաջին նկարահանումներից հետո իմ բոլոր հեռախոսներն ու կրիչները կախվել էին։ Ես ստացել էի ավելի քան 3000 հաղորդագրություն և դրանք բոլորն էլ կարդացել էի։
— Ի՞նչ եք կարծում` կկարողանա՞ Հայաստանը պահել ջազի այն ավանդույթները, որոնք ժառանգել է 20-րդ դարում։
– Այժմ շատ բարդ իրավիճակ է, և ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում։ Մենք հանդիպել ենք հանրահայտ ջազ երաժիշտ Ռիչի Կոուլի հետ, ով Մայլս Դևիսի համախոհն է, և նա հիշում է ջազի ծնունդը։ Նա հեկեկում էր երեխայի պես և ասում, որ Ամերիկայում ջազ չկա։ Գուցե թե այն կա միայն Նյու–Յորքում։
Սակայն ես այնքան էլ համաձայն չեմ այդ մտքի հետ։ Ես կարծում եմ, որ ջազը տեղափոխվել է դեպի Եվրոպա։ Գերմանիայում, Շվեյցարիայում հիասքանչ փառատոներ են կազմակերպվում, Մոսկվայում գոյություն ունի հսկայական ջազ շարժում։
– Ինչպե՞ս եք վերաբերվում շոու բիզնեսին ընդհանրապես։
– Շոու բիզնեսն ինքն իրեն փակուղի է մտցրել։ Այն պատկանում է, ոչ թե երաժիշտներին կամ երաժշտությանը, այլ պրոդյուսերներին։ Իսկ նրանք չեն կարող երաժշտության շարժիչ ուժը լինել։ Դա կարող է անել միայն երաժիշտը` կանոնները խախտելով, դուրս գալով սահմաններից։ Միայն այդ կերպ կարող է զարգացում լինել։
– Ու՞մ հետ կցանկանայիք զուգերգով հանդես գալ։
– Ցավոք, այդ մարդիկ արդեն չկան։ Սարա Վոան, Չեթ Բեյքեր, Ռեյ Չառլզ։ Ներկայիս երաժիշտներից` Սթիվի Ուոնդեր, Փաթի Օսթին։
– Նաև` We Are The World?..
– Ի դեպ եթե նայենք հին We Are The World–ը և նոր We Are The World–ը, ապա կարելի է պարզ տեսնել, թե ուր է հասել շոու բիզնեսը։ Երբ դիտում ես հինը, ապա հասկանում ես, որ յուրաքանչյուրն առանձին տիեզերք է` ունի իր պատմությունն ու իր ձայնը։ Հին We Are The World–ում շոու բիզնես չկա, կա անհատականություն։
– Կարող ե՞ք նշել վերջին արվեստի գործը, որը Ձեզ ցնցել է։
– Դա տեղի է ունենում մշտապես, քանի որ ես չեմ լսում ռադիո և չեմ դիտում հեռուստացույց։ Այդ ձևաչափերից և ոչ մեկը ինձ համար չէ, քանի որ այնտեղ չկա ժանրերի հավասար մատուցում։ Նրանք սահմանափակում են մարդկանց և ընտրության հնարավորորություն չեն տալիս, բայց չէ՞ որ կա նաև այլ երաժշտություն։ Հենց այդ երաժշտությունն եմ ես լսում, և այն ինձ ցնցում է։
– Ի՞նչ կփոխեիք համաշխարհային մշակույթում, եթե ունենայիք այդ հնարավորությունը։
– Շատ բան։ Ես կսկսեի մեդիայից։ Ես պետական մակարդակով աջակցության հնարավորություն կտայի բոլոր տաղանդավոր մարդկանց, որպեսզի նրանք, լեզուները դուրս գցած, չվազեին և իրենց նախագծերի իրականացման համար գումար չհայթայթեին։ Նրանց պետք է պետությունն աջակցի, որպեսզի նրանք մասնակցեն համաշխարհային մրցույթների և այդպիսով ուրախացնեն իրենց հայրենակիցներին։
Մարիամ Մերաբովա. «Շոու բիզնեսն իրեն փակուղի է մտցրել»
18:26 26.08.2015 (Թարմացված է: 12:42 27.08.2015)
© ArmenpressМариам Мерабова
Բաժանորդագրվել
Շոու բիզնեսն ինքն իրեն փակուղի է մտցրել։ Այն պատկանում է պրոդյուսերներին, իսկ նրանք չեն կարող երաժշտության շարժիչ ուժը լինել։ Դա կարող է անել միայն երաժիշտը` կանոնները խախտելով, որոշակի սահմաններից դուրս գալով, կարծում է «Ձայն» նախագծի հաղթող Մարիամ Մերաբովան