ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Գերմանացի գիտնական Քրիստիան Լուքհաուփն (Christian Lukhaup) կազմել է ինդոնեզական գետի խեցգետինների տեսակներից մեկի նկարագիրը և այդ տեսակն անվանել է ԱՄՆ հետախուզական ծառայությունների նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենի պատվին։
Cherax snowden տեսակն առաջին անգամ գիտնականը նկատել է 2006 թվականին, սակայն այս տարի նրան հաջողվել է տեսակի ավելի մեծ թվով ներկայացուցիչների դիտարկել նկարագիր կազմելու և անհրաժեշտ հետազոտություններ անցկացնելու համար։
«Նկարագրելով մի քանի նոր տեսակներ` ես մտածեցի դրանցից մեկն անվանել Էդվարդ Սնոուդենի պատվին, որովհետև նա ինձ վրա իսկապես մեծ տպավորություն է թողել։ Մենք այնքան տեսակներ ունենք, որոնց անվանել են մարդկության համար շատ գործ արած մարդկանց պատվին։ Ես կցանկանայի աջակցություն հայտնել Էդվարդ Սնոուդենին։ Կարծում եմ, որ նա ինչ–որ առանձնահատուկ բան է արել»,– ասել է Լուքհաուփը Washington Post–ին։
«Գետի խեցգետինները հզոր տեսակ են։ Ամուր պատյան ունեն, բացի այդ, ունեն երկու շատ ուժեղ հելիցերներ, այսինքն` չանչեր, ու թեև դրանք շատ փոքր են, կարող են ուժեղ ցավեցնել։ Գետի խեցգետինը բնակվում է քարերի տակ, թաքնվում է իր թշնամիներից և քարերի տակից դուրս է գալիս միայն գիշերը, որս անելու համար»,– պատմել է գիտնականը։
Cherax snowden տեսակի գետի խեցգետիններն ապրում են Նոր Գվինեա կղզու արևմտյան քաղցրահամ գետերում։ «Սնոուդեն» եռահասուն արուների չափերը տատանվում են 7.5-10 սանտիմետրի սահմանում, էգերի չափերը կազմում են մոտ 7-8 սանտիմետր։
Տեղի բնակչությունը խեցգետիններին որսում է վաճառքի և ակվարիումների, ինչպես նաև ուտելու համար։ Եթե այդպես շարունակվի, ապա, գիտնականի կարծիքով, շուտով կարող են անհրաժեշտ լինել պոպուլյացիայի վերականգնման քայլեր, ներառյալ խեցգետինների բազմացումն անազատության մեջ։
Էդվարդ Սնոուդենը մեծ աջակցություն ունի ԳԴՀ–ում։ Հունիսին Washington Post–ը հայտնել էր, որ նրա պատվին է կոչվել Դրեզդեն քաղաքի հրապարակը։
Սնոուդենը 2013թ.-ի հունիսին Washington Post և Guardian թերթերին մի շարք գաղտնի փաստաթղթեր է հանձնել ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների լրտեսման ծրագրերի մասին: Այնուհետև նա մեկնել է Հոնկոնգ, իսկ այդտեղից՝ Մոսկվա, որտեղ որոշ ժամանակ գտնվել է մոսկովյան օդանավակայանի տարանցիկ գոտում: Ռուսաստանը Սնոուդեին ժամանակավոր ապաստան է տրամադրել մեկ տարի ժամկետով այն պայմանով, որ նա կդադարեցնի ԱՄՆ-ի դեմ գործունեությունը: 2014թ.-ի օգոստոսին Սնոուդենը ստացել է 3 տարվա բնակության իրավունք, որը թույլ կտա նրան ճանապարհորդել ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև երկրի սահմաններից դուրս:
Ինդոնեզական խեցգետինների տեսակը Էդվարդ Սնոուդենի անունով է կոչվել
© Sputnik / Александр Лыскин
/ Բաժանորդագրվել
Cherax snowden տեսակի խեցգետինները բնակվում են Նոր Գվինեա կղզու արևմտյան ափերի քաղցրահամ գետերում։ Գիտնականի խոսքով` խեցգետնի որսի պատճառով շուտով կարող են պոպուլյացիայի վերականգնման միջոցառումներ պահանջվել։