ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի– Sputnik. «100 lives» («100 կյանք») նախագիծը հրապարակել է ողջ աշխարհի համար կարևորություն ներկայացնող 10 երևույթների ընտրանին, որոնց ձևավորման վրա ազդեցություն են ունեցել Հայաստանը և հայերը, գրում է barev.today կայքը։ Ներկայացնում ենք այդ ցուցակը։
1. Սրճարաններ
Հենց հայերն են XVII դարում Եվրոպայում բացել առաջին սրճարանները։
2. Ամրոցներ
Եվրոպան հայտնի է իր միջնադարյան ամրոցներով, սակայն շատ պատմաբաններ կարծում են, որ այդօրինակ շինություններն առաջին անգամ հայտնվել են Կիլիկիայի թագավորության տարածքում։ Հենց այնտեղ էլ դրանք տեսել են խաչակիրները, որոնց ճանապարհը դեպի Սուրբ հող անցնում էր Կիլիկիայի տարածքով։
3. Լեզուներ
Եվրոպական ժողովուրդների լեզուները պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Ժամանակակից վարկածներից մեկի համաձայն, այդ խմբի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։
4. Ծիրան
Լատիներեն այդ պտուղը կոչվում է «prunus armeniaca», այսինքն` «հայկական սալոր»։ Նշանակում է, որ ծիրանը սկսել են աճեցնել հենց Հայաստանում։
5. Արարատ լեռ
Ինչպես հայտնի է, հենց այդ լեռան վրա է իջել Նոյյան տապանը։ Նշանակում է, ըստ աստվածաշնչյան վարկածի, Երկրի վրա ամեն շնչավոր բան ծագում է Հայաստանից։
6. Երևան
Հայաստանի մայրաքաղաքն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Երևանը հին է անգամ Հռոմից։
7. Շախմատ
Հայաստանում շախմատն ամենասիրված խաղն է, շախմատը նույնիսկ ներառվել է դպրոցական ծրագրում։
8. Գինի
Հնագետները գինու պատրաստման ամենահին սարքավորումը գտել են հենց Հայաստանում։
9. Անի
Անին վաղ Միջնադարի մեծագույն քաղաքներից մեկն է եղել։ Իսկ այժմ քաղաքի ավերակները մեծ հետաքրքրություն են ներկայացնում հնագետների և զբոսաշրջիկների համար։
10. Զորաց քարեր
Հնագույն աստղադիտարան` կառուցված հսկայական քարերից։ Զորաց քարերը (Քարահունջը) երբեմն անվանում են «հայկական Սթոունհենջ», բայց իրականում դրանք ավելի հին են, քան անգլիական «եղբայրները»։