ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Էրդողանի համար կոալիցիոն կառավարություն ձևավորելն ընդունելի չէր: Սա հայտնի էր ի սկզբանե, սակայն ամեն դեպքում եղան ձևական բանակցություններ տարբեր ուժերի հետ: Ինչպես «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նկատել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, կոալիցիոն կառավարությունն Էրդողանի համար հավասարազոր էր պարտության: «Քանի որ այն պլանները և նպատակները, որ Էրդողանն անձամբ ունի և ունի իր գլխավորած կուսակցությունը, չեն համապատասխանում կոալիցիոն կառավարության բնույթին: Կոալիցիոն կառավարության դեպքում այդ նպատակները, ըստ էության, դատապարտված էին լինելու անհաջողության»,-ընդգծել է նա:
Այն զարգացումները, որ տեղի են ունենում Թուրքիայում վերջին շաբաթներին, թուրքագետը համարում է չհայտարարված քարոզարաշավ: «Այսինքն՝ Էրդողանի գլխավորած ուժի առաջիկա քարոզարշավի լոզունգները հիմնականում պարզ են դառնում: Առաջինը՝ Թուրքիայի քաղաքական ուժերը, բացի «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, չունեն պատասխանատվություն ժողովրդի առջև և չեն կարողանում ձևավորել կոալիցիոն կառավարություն և առաջ տանել Թուրքիան: Սա տեսնելով՝ պարզ է դառնում, որ նոր ընտրությունների կարգախոսը լինելու է «ո՛չ կոալիցիոն կառավարությանը»,-ասել է բանախոսը:
Այն մակերեսային բարիդրացիական հարաբերություններն այլ քաղաքական ուժերի հետ, որ կային հունիսյան ընտրություններից հետո, այս վերջին օրերին իրենց տեղը զիջեցին կոպիտ, նույնիսկ անձնական վիրավորանքների հասնող հայտարարություններին: Մելքոնյանը հավելում է, որ քաղաքական հռետորաբանության մեջ գերիշխող ագրեսիայում հատկապես ակտիվ է Էրդողանը, որը, իբր թե, պետք է լինի անկողմնակալ դատավոր: «Ընդդիմադիր բոլոր կուսակցություններին նա հատ-հատ հասցնում էր վիրավորանքներ՝ գաղափարական, քաղաքական, անձնական և, ըստ էության, սկսել է դե ֆակտո քարոզարշավը»,-նկատել է նա:
Ինչ վերաբերում է քրդերի՝ թուրքական խորհրդարան անցելուն, ապա Մելքոնյանն անսպասելի է համարում այն, որ քրդերը կարողացան իրենց շուրջ համախմբել ոչ միայն հենց քրդերին, այլև այլ ազգային փոքրամասնություններին, այլ կողմնորոշում ունեցողներին և ստանալ այդ 13 տոկոսը: «Սա թուրքական իշխանությունների համար ամենաանցանկալի սցենարներից էր: Այժմ, երբ բախվում են թուրքական պետական շահը և ժողովրդավարական որոշակի պահանջները, թուրքական իշխանությունները, մասնավորապես Էրդողանը, նախապատվություն են տալիս ագրեսիվ մեթոդների, հեռանում են ժողովրդավարական «սեթևեթանքներից» և գնում կոնկրետ լուծումների»,-ընդգծել է թուրքագետը:
Մելքոնյանի խոսքով՝ այդ լուծումները, Էրդողանի պատկերացմամբ, տեղավորվում են երկու դաշտում՝ քաղաքական և ռազմական: Քրդական կուսակցության դեմ արդեն սկսվել են քաղաքական հալածանքները, խոսվում է տարբեր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու, ավելին՝ կուսակցությունն ընդհանրապես փակելու մասին: Թուրքագետն այս սցենարը միանգամայն հավանական է համարում: «Մյուս լուծումը՝ ռազմականն է, և պատահական չէ, որ քրդերի հետ ռազմական բախումը համընկավ հենց այս օրերին, երբ կոալիցիոն կառավարության տեսլականը փլուզվեց: Ինչպես խոսում են թուրքական կուլիսներում՝ Էրդողանի նպատակն է ուղղակիորեն վերացնել քրդամետ այդ կուսակցութjունը կամ առնվազն թուլացնել այն, և ստանալ կուսակցությանը տրված ձայները»,-ասել է նա: Քրդամետ կուսակցության ստացած 13 տոկոս քվեն ոչ միայն թույլ չի տալիս Էրդողանին ձևավորել միանձնյա կառավարություն, այլև լրացուցիչ խնդիրներ է առաջացնում հենց խորհրդարանում: «Խորհրդարանական օրակարգը լրիվ փոխվում է: Քրդերը, որոնք մինչ այդ պայքարում էին լեռներում, հիմա պայքարում են Անկարայում` թուրքական խորհրդարանում»,-հավելել է թուրքագետը:
Ռուբեն Մելքոնյանը մի կարևոր հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում: Նա ընդգծում է, որ 2002 թվականին քաղաքական ասպարեզում հայտնված Էրդողանը և 2015 թվականի Էրդողանը միանգամայն այլ մարդիկ են: «Այն բռնապետական սաղմերը, որ կային 2002-ին, 2015-ին վերածվել են շիզոֆրենիկ դրսևորումների: Խոսվում է նաև այն մասին, որ անձի պաշտամունքի կոնտեքստում Էրդողանը երբեմն կտրվում է իրականությունից, ինչը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, մասնավորապես` Թուրքիայի մասնատմանը»,-տեսակետ է հայտնել թուրքագետը:
Ի սկզբանե ակնհայտ էր, որ Էրդողանի համար կոալիցիոն կառավարություն ձևավորելն ընդունելի չէր. թուրքագետ
© Sputnik / Самвел СепетчянРубен Мелконян
© Sputnik / Самвел Сепетчян
Բաժանորդագրվել
Թուրքագետը կարծում է, որ 2002 թվականին քաղաքական ասպարեզում հայտնված Էրդողանը և 2015 թվականի Էրդողանը միանգամայն այլ մարդիկ են