ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի– Sputnik. Անցած շաբաթ ադրբեջանական ԶԼՄ–ները երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հետ վեճի են բռնվել… հայերի պատճառով։ Այսպես, Haqqin.az կայքը հրապարակել է լրագրող Էյնուլա Ֆաթուլաևայի ճանապարհային նոթերը Բեյրութից, որտեղ նա անթաքույց դժգոհությամբ նշում է, որ ադրբեջանական դեսպանատունը գտնվում է քաղաքի հայկական թաղամասում։
Թվում է` ի՞նչ կա որ, գտնվում է, թող գտնվի։ Ադրբեջանական դիվանագետները հազիվ թե ինչ–որ բանով խանգարեն բեյրութահայերին կամ խախտեն թաղամասի բնականոն ընթացքը։ Բայց արի ու տես, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմետ Հաջիևը շտապել է հերքել այդ տեղեկությունը։ Ադրբեջանական կայքն էլ դա անհեթեթություն է կոչել։ Խոսք չկա, շատ «բարձր» փոխհարաբերություններ են։
Ընդհանրապես Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի համար շաբաթը բավական «հաջող» էր։ Նա հեղափոխական բացահայտում է արել Կովկասյան Ալբանիայի պատմության մեջ, Արցախում նկատել «գյանջասարյան» վանք և որպես փաստարկ բերել մի քանի ոչ այդքան հմուտ կեղծած դրույթներ։ Եվ այդ ամենը ռուս քաղաքական մեկնաբան Անտոն Եվստրատովի` մեկ ամսում երկրորդ անգամ «սև ցուցակում» հայտնվելու կապակցությամբ։
«Գյանջասարյան վանքը»` հիշատակված Հիքմեթ Հաջիևի մեկնաբանությունում, ըստ երևույթին, Գանձասարն է։ Սակայն միայն Վիքիպեդիայում 14 տարբեր հեղինակավոր աղբյուր կա, որոնք նշում են, որ Գանձասարի հիմնադիր Հասան Ջալալյանը հայ է։ Գանձասարի կաթողիկոսները և կոնկրետ Եսայի Հասան Ջալալյանն ազատագրական պայքարում Էջմիածնի կաթողիկոսի հետ հանդես են եկել միասնական ճակատով և դիտվել որպես մեկ եկեղեցու ներկայացուցիչներ»,– Եվստրատովը նշել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի ապատեղեկատվությունը և հավելել, որ «Պետրոս Առաջինին նամակ գրել են ոչ թե ալբանացի, որքան էլ դա ցանկանա պարոն Հաջիևը, այլ հայ իշխանները։
Տարածաշրջանի պատմության մասին տարրական տեղեկություններ չիմանալն ամոթ է, պարոն Հաջիև, և անլուրջ է, երբ փորձում են ակնհայտ փաստերը խեղաթյուրել կեղծ հղումներով, որոնք Ադրբեջանի քաղաքացիները գուցե չստուգեն, բայց, վերջ ի վերջո, Ադրբեջանի սահմաններից դուրս կա իրականություն, և Զիա Բունիաթովի և Ֆարիդա Մամեդովայի ժառանգությունը պետք է թողնել ներքին լսարանի սահմաններում։ Ռուսերեն լեզվով հակագիտական դրույթները հնչեցնելը պարզապես տգիտություն է։
Ի դեպ, «Գանձասարը» հայերենից բառացիորեն թարգմանվում է որպես «գանձերի սար», իսկ թե ինչպես է թարգմանվում ադրբեջաներենից «գյանջասարը», հորինեք ինքներդ, պարոն Հաջիև։ Վանքի անվանման հետ կապված լեգենդի համաձայն, այնտեղ թաղված է քրիստոնեական սրբություն համարվող` Հովհաննես Մկրտչի գլուխը։ Եվ միակ բանը, որ վանքը կապում է ադրբեջանցիների հետ, պատերազմի ժամանակ ձեր վանքի պատերին ձեր իսկ հայրենակիցների ռումբերի բեկորներն են, պարոն Հաջիև, որոնք որպես պատգամ մնացել են գալիք սերունդներին։
Այս շաբաթ արծարծվում էր իրավապաշտպան Լեյլա Յունուսին 8,5 տարով և նրա ամուսնուն` Արիֆ Յունուսին 7 տարով դատապարտելու թեման։ 1news.az կայքում Յունուսների դատավճիռը կայացնելուց հետո չեն զլացել և փորփրել են նրանց ծագումնաբանությունը։ Ճիշտ է` փորփրել են անփութորեն և ինչ–որ կերպ։ Բացի հայտնի փաստից այն մասին, որ Արիֆա Յունուսի մայրը հայ է, «հայտնաբերվել» է նաև Լեյլա Յունուսի «հայ հայրը», իսկ ամուսնու եղբայրը` Ռամիզ Յունուսը, որը բնակվում է ԱՄՆ–ում, չգիտես ինչու վերածվել է սկեսրայրի։ Երբ մեկ տարի առաջ Յունուսներին ձերբակալել էին, թեման ակտիվ լուսաբանում էին հայկական ԶԼՄ–ները, ինչն ադրբեջանական քարոզչությանն առիթ է տվել այդ իրարանցումն անվանել «իրենց գործակալների պաշտպանություն»։ Ճիշտ է, հայկական ԶԼՄ–ների հետաքրքրությունը թեմայի նկատմամբ արագ մարել է, ինչպես և ցանկացած ադրբեջանական լրագրողի, քաղաքացիական ակտիվիստի կամ իրավապաշտպանի ձերբակալության նկատմամբ, որոնց հիմա խմբերով ձերբակալում են։
Եթե բոլոր մարդկանց, որոնց խնդիրների մասին Ադրբեջանում գրում է հայկական մամուլը, գրանցեն «հայկական լրտեսների» շարքում, ապա ստացվում է, որ այնտեղ մեզ համար աշխատում է ողջ մտավորականությունը, պետական վարչակազմի մի մասը և աղքատ խավի ողջ հատվածը։ Մի խոսքով, ազգային անվտանգության նախարարությունը երկու հարյուր տարվա աշխատանք ունի։ Դեռ այնքան մարդ կա բանտարկելու…
Ամեն դեպքում կարելի է «գուգլել» բոլոր պատկերները, որոնց հեղինակները հայեր են, և ուղղակի դադարել օգտվել դրանցից։ Առանց բետոնախառնիչների, բանկոմատների և ՄԻԳ ինքնաթիռների ադրբեջանցիները կարող են, իսկ ահա առանց պլաստիկ վիրահատության… նույնիսկ չգիտեմ։
Ադրբեջանական ԶԼՄ–ների ուշադրության կենտրոնում հայտնվել է բարոնուհի Քերոլայն Քոքսի` հարյուրին մոտեցող այցելությունն Արցախ, որտեղ նրան միշտ ուրախությամբ և հատուկ հարգանքով են վերաբերվում։ Չէ՞ որ այդ կնոջ ջանքերի շնորհիվ է աշխարհն իմացել, թե ինչպես են ադրբեջանական ստորաբաժանումները վայրագություններ կատարել երկրի երեսից ջնջված հայկական Մարաղա գյուղի խաղաղ բնակչության նկատմամբ։
Ի դեպ, պարզվում է` Booking.com–ում կարելի է սենյակներ և հյուրանոցներ պատվիրել ԼՂՀ տարածքում։ Չինք իմանա, եթե չլիներ ադրբեջանական ԶԼՄ–ների վրդովմունքը։ Շնորհակալություն։
Եվս մեկ ուրախալի լուր, որը գրավել է ադրբեջանական ԶԼՄ–ների ուշադրությունը. աշխարհահռչակ Բրիտանական թանգարանում «Հնագույն Թուրքիա» անվանումով սրահը վերանվանվել և կոչվում է «Անատոլիա և Ուրարտու»` նախաձեռնության հեղինակ Զեփյուռ Բատիկյանի, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատան, մշակույթի նախարարության, ինչպես նաև հայ և բրիտանական աղբյուրների ջանքերով։ «Իհարկե, ես կցանկանայի սրահը վերանվանել «Հայաստան» կամ «Հայկական լեռնաշխարհ», բայց դա արդարության վերականգնման ճանապարհին առաջին քայլն է»,– գրում է Զեփյուռ Բատիկյանը Facebook–ում։
«Եկեք խոստովանենք, որ դա թուրքական աշխարհի պարտությունն է»,– գրում է Vesti.az կայքը։ Եկեք…
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ