ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի–Sputnik. Հայաստանի ոստիկանությունն իր կայքում հրապարակել է տեսանյութ` մանրամասն ներկայացնելով հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունը։ Մաջնունյանի մարմինը հայտնաբերել էին օգոստոսի 5-ին իր բնակարանում` դանակի ավելի քան 50 հարվածներով։
«Հանցագործությունը բացահայտվեց հաջորդ օրը` օգոստոսի 6-ին. սպանություն կատարելու կասկածանքով Ոստիկանության բաժին բերման ենթարկվեց 20-ամյա մի երիտասարդ: Հայտնի են դարձել հանցագործությանը նախորդած բոլոր իրողությունները», — նշվում է ոստիկանության տեսանյութում:
Հաշվի առնելով մահացածի մասնագիտությունը` դժվար չէր պատկերացնել, թե ամեն օր որքան այցելու ուներ նա:
Ինչպես հայտնեց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի անձի դեմ ուղղված հանցագործությունների բաժանմունքի պետ Ալեքսանդր Մամիկոնյանը, ճշտվել է այն անձանց շրջանակը, ովքեր վերջին ժամանակահատվածում շփվել և հաճախ են եղել Անի Մաջնունյանի բնակարանում: Պարզվել են նրանց ինքնությունները, ապա նրանք հրավիրվել են ոստիկանություն:
«Նրանց հետ տարված զրույցներում պարզեցինք, որ վերջերս Անի Մաջնունյանի բնակարանում հաճախ է հյուրընկալվել իրեն դերասան ներկայացրած ոմն Մխիթարը», — ասել է Մամիկոնյանը: Նրա խոսքերով` պարզվել է, որ դեպքի օրը Անի Մաջնունյանին այցելել էր մի քաղաքացուհի, որի ներկայությամբ էլ սպանվածին հյուրընկալվել էր մի երիտասարդ, ով մնացել է բնակարանում քաղաքացուհու հեռանալուց հետո:
Մամիկոնյանի խոսքերով` մինչև Անի Մաջնունյանի բնակարան այցելելը Մուշեղ Մխիթարյանը հանդիպել է իր ղեկավարած թատրոնի դերասանուհի Աննայի հետ, որի հետ էլ գնել են բժշկական ձեռնոցներ, ըստ երևույթին` դեպքի վայրում մատնահետքեր չթողնելու համար։
«Դեպքից (սպանությունից) հետո էլ Մուշեղ Մխիթարյանը Աննային է հանձնել սպանվածի բջջային հեռախոսները, ինչպես նաև զարդեր», — պատմել է Մամիկոնյանը: Նրա խոսքերով, նախաքննական մարմինը դեռ պետք է պարզի 18–ամյա Աննայի մասնակցությունն ու դերակատարումը կատարվածի մեջ։
Հետագայում քննչական գործողություններով ծխատարից հայտնաբերվեցին բջջային հեռախոսներից մեկն ու մյուսի կտորտանքները։ Մամիկոնյանը նշել է, որ Աննան նաև ոստիկանություն է ներկայացրել Անի Մաջնունյանի զարդերը:
«Դեպքից հետո Մուշեղ Մխիթարյանը հանցագործության գործիք դանակի բռնակը և բժշկական ձեռնոցները Աննա Մինասյանի ներկայությամբ այրել է իր կողմից վարձակալած բնակարանում, իսկ արյունոտված շորերն այրել է Խարբերդի գերեզմանատանը հարակից տարածքում», — ասել է Մամիկոնյանը:
Համատեղ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ օգոստոսի 8–ին Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 104–րդ հոդվածի 2–րդ մասի 8–րդ կետի հատկանիշներով` շահադիտական դրդումներով սպանություն։ Նախաքննությունը վարում է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը։ Մուշեղ Մխիթարյանը կալանավորված է։
Մաջնունյանը հայտնի հիրոմանտ էր, գուշակ, զբաղվում էր այլընտրանքային բժշկությամբ։ Նրան մեծ ճանաչում էր բերել «Վեցերորդ զգայարան» հայտնի շոուին մասնակցությունը: