ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի–Sputnik. Կոտայքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ծաղկաձորի մարզաբազայում տեղակայված «Միություն-2015. Հաղթանակի ժառանգորդներ» միջազգային երիտասարդական կազմակերպությունների կրթական ռազմամարզական մրցույթ-հավաքի մասնակիցներին:
2007 թվականից անցկացվող այս հավաքը հայրենասիրական ուղղվածությամբ լայնածավալ սոցիալական նախագիծ է, որի գլխավոր նպատակն է հայրենասիրական, ռազմամարզական միջոցառումների կազմակերպումը` ուղղված Հայրենական մեծ պատերազմում ներդրում ունեցող ժողովուրդների բարեկամության, ազգային, մշակութային արժեքների պահպանմանը և ամրապնդմանը, երիտասարդության շրջանում հայրենասիրության դաստիարակմանը: Հավաքներին մասնակցող 14-17 տարեկան պատանիները հետխորհրդային տարածքի ռազմամարզական և կադետական վարժարանների սաներ են:
Հայաստանում օգոստոսի 15-28-ը անցկացվող միջազգային մրցույթ-հավաքը, որն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո, նվիրված է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին: Հավաքին մասնակցում են տասներկու երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Էստոնիայի, Լատվիայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Մերձդնեստրյան Հանրապետության, Ռուսաստան, Վրաստանի, Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմամարզական և կադետական վարժարանների սաները:
Հանրապետության նախագահը դիտել է ռազմամարզական վարժանքները, ռազմական տեխնիկայի և Հայաստանում արտադրված ռազմատեխնիկական արտադրանքի ցուցադրությունը: Հավաքի մասնակիցները նախագահին նվիրել են ՌԴ-ում Ուրալի վարպետների կողմից պատրաստված կնիք՝ մաղթանքով, որ այն հնարավորինս հաճախ դրվի Միության հավաքների անցկացման վերաբերյալ փաստաթղթերի վրա: Սերժ Սարգսյանը շնորհակալությամբ ընդունելով նվերը՝ նշել է, որ այն թանկ է իր համար նաև այն պատճառով, որ իր ժամկետային ծառայությունն անցել է հենց Հարավային Ուրալում: Նախագահն ընդգծել է, որ ինքը ևս շատ կցանկանար, որպեսզի այս կնիքը հաճախ դրվեր Հայաստանի տարածքում և նախկին
ԽՍՀՄ այլ երկրներում նման հավաքների ու այլ երիտասարդական ինտեգրացիոն գործընթացների անցկացման վերաբերյալ փաստաթղթերի վրա:
Մրցույթ-հավաքի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Հանրապետության նախագահը խորհրդանշական է համարել, որ միջոցառումն անցկացվում է հոբելյանական տարում՝ ի պատիվ Մեծ հաղթանակի 70-ամյակի:
«Այդ հաղթանակը շատ հարցերում հնարավոր է դարձել շնորհիվ ֆաշիզմի դեմ բազմաթիվ ժողովուրդների սերտ միասնության: Մենք ուղղակի պարտավոր ենք թանկ գնահատել այդ հաղթանակը: Մենք փառավոր ընդհանուր պատմություն ունենք, և բոլորս պետք է ոչ միայն պահպանենք, այլ նաև ամեն ինչ անենք շարունակելու համար այն ավանդույթները, որոնք եղել են և կան»- ասել է նախագահը:
Նախագահը երախտագիտություն է հայտնել այն մարդկանց, ովքեր մտահղացել և իրականացնում են այսպիսի ծրագիր, քանի որ առաջին հերթին այս նախագիծը հնարավորություն է տալիս ստեղծել հարթակ, որտեղ մասնակիցները կարող են ծանոթանալ միմյանց պատմությանն ու մշակույթին, որտեղ կարող են կիսվել գիտելիքներով և, իհարկե, նոր ընկերներ ձեռք բերել:
«Դուք մեր ժողովուրդների համատեղ գոյակցության լուսավոր ապագայի երաշխավորներն եք: Մենք պետք է հասկանանք, որ ժամանակակից աշխարհում կան շատ մարտահրավերներ, և դրանք հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ուժերով: Դուք տարածողներն եք համամարդկային գաղափարների, հանուն որոնց պայքարել են մեր պապերն ու նախապապերը: Ես վստահ եմ, որ և՛ դուք, և՛ ձեր հասակակիցների մեծ մասը դա գնահատում են և ամեն ինչ կանեն, որպեսզի այդ բարեկամությունը, այդպիսի հարաբերությունները լինեն հավերժական»,- նշել է Սարգսյանը:
Նախագահը նշել է, որ այսպիսի հավաքները հնարավորություն են ձեռք բերելու նոր ընկերներ: Ցանկացած ընկերություն, ցանկացած համագործակցություն մշտական ջանքերի կարիք ունի և ուշադրություն ու հոգատար վերաբերմունք է պահանջում։
Նախագահը հավաքի մասնակիցներին մաղթել է հաջողություննե և վստահեցրել, որ Հայաստանը մշտապես կողմ է ինտեգրացիոն գործընթացներին, ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը և մշտապես ջանքեր կգործադրի, որպեսզի տարվա մեջ մեկ կամ երկու անգամ նման հավաքներ, շփումներ տեղի ունենան, հավաքի մասնակիցները նոր ընկերներ ձեռք բերեն և լավ տպավորություններով հեռանան տուն:
«Հաղթանակի ժառանգորդները» ՀՀ նախագահին Ուրալի վարպետների կողմից պատրաստված կնիք են նվիրել
00:40 23.08.2015 (Թարմացված է: 01:26 23.08.2015)
© Официальный сайт Президента РАВстреча президента Армении Сержа Саргсяна с участниками Международного молодежного образовательного сбора военно-спортивных организаций “Союз – 2015 – Наследники Победы»”
Բաժանորդագրվել
Նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանը մշտապես կողմ է ինտեգրացիոն գործընթացներին, և որ Հայաստանը մշտապես ջանքեր կգործադրի տարվա մեջ մեկ կամ երկու անգամ նման հավաքներ կազմակերպելու համար