ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի–Sputnik. Կյանքից հեռացել է սիրված պարուհի Աստղիկ Զարգարյանը` հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի կինը, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:
Աստղիկ Զարգարյանը ծնվել է 1932-ի փետրվարի 21-ին Երևանում: Սովորել է Երևանի պարարվեստի և պլաստիկայի խորեոգրաֆիկ դպրոցի դասական պարի բաժնում: Կրթությունը շարունակել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ֆրանսիական բաժնում:
Սկզբում ընդունվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ մասնակցել է մի շարք ներկայացումների: 1948-ին ընդունվել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ, որտեղ պարել է ավելի քան քսան տարի: Հենց այնտեղ էլ տեղի է ունեցել նրա ճակատագրական հանդիպումը մեծ վարպետի հետ:
Աստղիկ Զարգարյանը հանդիսատեսին ներկայացել է ինչպես հայկական, այնպես էլ այլ ժողովուրդների պարերով` ռուսական, ուկրաինական, վրացական: Առանձնապես հիշարժան են նրա «Մախմուր աղջիկ», «Սարերի հովին մեռնեմ» և այլ մենապարերը:
Աստղիկ Զարգարյանը հայկական պարարվեստը ներկայացրել է աշխարհի մի շարք երկրներում, արժանացել բազում մրցանակների, պատվոգրերի, շնորհակալագրերի:
Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա օգոստոսի 23-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը` օգոստոսի 24-ին: