ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի– Sputnik. Air Armenia ավիաընկերության սեփականատեր ու տնօրեն Արսեն Ավետիսյանը, ով նախորդ շաբաթ օրը ծեծի էր ենթարկվել, հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշում է, որ ընդունում է հաշտության նպատակով իրեն մեկնված ձեռքը։
«Իմ գործընկերներն ինձ հորդորում են պահպանել հավասարակշռություն և ողջախոհություն, ընդունել հաշտության նպատակով ինձ մեկնված ձեռքը, կատարել կշռադատված քայլեր և որոշումներ կայացնելիս հաշվի առնել Air Armenia ավիաընկերության ապագային վերաբերվող յուրաքանչյուր կետ», – նշել է Ավետիսյանը։
Նրա խոսքով` նա գիտակցում է իր կողմից կայացրած որոշումների կարևորությունը և պատասխանատվություն կրում դրանց համար, հետևաբար հաշտության առաջարկ ընդունելը, Air Armenia ավիաընկերության ապագայի մասին հոգ տանելը, կազմակերպության խնդիրների լուծմանն ուղղված գործընկերների ջանքերը, վերջին շրջանում բազմաթիվ փորձություններ հաղթահարած ընտանիքի անդամների ակնկալիքներն իր համար ընդունելի է դառնում միայն հաշտ ու առողջ միջավայրում փոխադարձ վստահությամբ աշխատելու և արարելու տարբերակը:
«Հարգելի հայրենակիցներ, հիշյալ իրադարձությունների հետևանքով կրկնակի ծանր կացության մեջ է հայտնվել իմ ղեկավարած Air Armenia ավիաընկերությունը: Այս կարճ ժամանակահատվածում մենք բախվեցինք վերջին ամիսների ընթացքում քայլ առ քայլ հասած հաջողությունները կորցնելու վտանգին: Իմ հիմնական գործընկեր և Air Armenia ավիաընկերության 49 տոկոսի սեփականատեր «East Prospect Fund» hիմնադրամի ներկայացուցիչները երեկ հայտարարություն էին տարածել՝ հորդորելով գտնել խնդրի լուծման օրինական ճանապարհը և լուծել ստեղծված խնդիրները, նաև տեսակետ հայտնել, որ նմանատիպ դեպքերը կարող են բացասական անդրադառնալ կազմակերպության ներդրումային քաղաքականության իրականացման և բարեփոխումների վրա»,– նշված է Ավետիսյանի հայտարարությունում։
Ինչպես նշում է Արսեն Ավետիսյանը, ներկայումս իրականացված ներդրումներից ուղղակիորեն կախված է ոչ միայն Air Armenia ավիաընկերության վերագործարկումը, այլ նաև շուրջ 250 աշխատակիցների աշխատավարձերի վճարումը, ինչպես նաև գործընկերների հանդեպ պարտավորությունների կատարումը:
«Ես այսօր դուրս եմ գրվում հիվանդանոցից՝ շնորհակալության հայտնելով նաև ինձ հոգատարությամբ շրջապատած բժշկական անձնակազմին, և հավաստիացնում, որ տնային պայմաններում բուժումս ավարտելուց հետո կարճ ժամանակում կանցնեմ աշխատանքի և կտամ հասարակությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները», – եզրափակել է Ավետիսյանը։
Արսեն Ավետիսյանի հայտարարության մեջ նշվում է, որ նա շնորհակալությունն ու երախտագիտությունն է ցանկանում հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իր կողքին էին, սատարում էին իրեն ու ընտանիքի անդամներին վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում:
Անցած շաբաթ օրը Air Armenia ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը հայտարարել է, որ իրեն ծեծել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրահանգով։
Ավետիսյանը տեղափոխվել էր Երևանի «Հերացի» համալսարանական կլինիկա` գլխուղեղի ցնցումով, քթոսկրի կոտրվածքով և բազմաթիվ մարմնական վնասվածքներով։ Հաշվեհարդարի պատճառների մասին Ավետիսյանը խոստացել է պատմել առաջիկայում։
«Մենք պատասխանատվություն ենք կրում ընկերության ներդրումային քաղաքականության իրագործման, միևնույն ժամանակ պարտքերի և պարտավորությունների համար`կապված ինչպես 250 աշխատողների, այնպես էլ այն ընկերությունների հետ, որոնք երկար ժամանակ եղել են Air Armenia–ի լավ գործընկերները։ Այդ իրադարձությունները կարող են հարվածի տակ դնել ընկերության ներդրումները և բարեփոխումները»,– ասվում է կառավարչի հայտարարությունում։