ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի– Sputnik. Ղազախստանը սկսել է նոր դրամավարկային քաղաքականություն իրականացնել, որը հիմնված է տենգեի ազատ լողացող փոխարժեքի վրա, հինգշաբթի կառավարությունում կազմակերպված խորհրդակցության ընթացքում հայտարարել է Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը։
«Համաշխարհային տնտեսության բացասական փոփոխությունների պայմաններում նոր տնտեսական քաղաքականությունը պահանջում է նոր դրամավարկային քաղաքականություն տնտեսական աճի և գների կայունության միջև հավասարակշռություն ապահովելու համար։ Այս կապակցությամբ Ղազախստանի Հանրապետության ազգային բանկն ու կառավարությունը որոշում են ընդունել 2015թ.–ի օգոստոսի 20–ից սկսել նոր դրամավարկային քաղաքականություն, որը հիմնված է գնաճային թիրախավորման ռեժիմի վրա, չեղյալ հայտարարել արժութային միջանցքն ու անցնել ազատ լողացող փոխարժեքի», – հայտարարել է նա։
«Փոխարժեքը կձևավորվի շուկայական պահանջարկի և առաջարկի հիման վրա` հաշվի առնելով ներքին և արտաքին մակրոտնտեսական գործոնները։ Նշանակում է` փոխարժեքը կարող է ինչպես թուլանալ, այնպես էլ ամրապնդվել, ինչը կորոշվի համաշխարհային տնտեսության և ներքին արժութային շուկայում տիրող իրավիճակով», – ավելացրել է Ղազախստանի վարչապետը։
Ղազախստանի վարչապետի խոսքով` Ազգային բանկը չի միջամտի տենգեի փոխարժեքի շուկայական մակարդակի ձևավորման հարցին, սակայն իրեն հնարավորություն է վերապահում արժութային միջամտությունների միջոցով մասնակցել ներքին արժութային շուկային, եթե երկրի ֆինանսական համակարգը ապակայունացման սպառնալիքի տակ հայտնվի։
Հուլիսի կեսին Ղազախստանի ազգային բանկն ընդլայնել է տենգեի փոխարժեքի տատանման միջանցքը` դոլարի դիմաց 170–188 տենգեից դարձնելով 170–198 տենգե` պատճառաբանելով ներքին կոնյուկտուրայի վատացմամբ և, առաջին հերթին, նավթի արժեքի նվազմամբ։
Ղազախստանը տենգեի ազատ փոխարժեքի քաղաքականության է անցել
11:02 20.08.2015 (Թարմացված է: 11:03 20.08.2015)
Բաժանորդագրվել
Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը հայտարարել է, որ երկիրն անցնում է նոր դրամավարկային քաղաքականության` տնտեսական աճի և գների կայունության միջև հավասարակշռություն ապահովելու համար