ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի.- Sputnik. «Air Armenia» ավիաընկերության տնօրենին ծեծելու դեպքի կապակցությամբ հարցաքննել են նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթը գրում է, որ Հայրապետյանը պատմել է, թե ինչի շուրջ է կոնֆլիկտ եղել, նա նշել է, որ չի առևանգել Արսեն Ավետիսյանին, այլ պայմանավորված են եղել, հանդիպել են, ու կոնֆլիկտ է ծագել։
Նախօրեին հաղորդագրություն էր ստացվել, որ ՀՀ քննչական կոմիտեն վարույթ է ընդունել Air Armenia ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու մասին գործի նյութերը։
«Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը նյութերն ընդունել է վարույթ, կատարվել է դեպքի վայրի լրացուցիչ զննություն։ Գրություն է ուղարկվել բժշկական կենտրոն՝ պահանջելով տրամադրել Ա.Ավետիսյանի հիվանդության պատմագիրը և բժշկական հետազոտության արդյունքները (այդպիսիք ունենալու դեպքում)՝ դատաբժշկական փորձագետներին ներկայացնելու համար», – նշել էին ՔԿ մամուլի ծառայությունից։
Օգոստոսի 17-ին Air Armenia ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը հայտարարել է, որ իրեն ծեծել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով։
Ավետիսյանը տեղափոխվել է Երևանի «Հերացի» համալսարանական կլինիկա` գլխուղեղի ցնցումով, քթոսկրի կոտրվածքով և բազմաթիվ մարմնական վնասվածքներով։ Հաշվեհարդարի պատճառների մասին Ավետիսյանը խոստացել է պատմել առաջիկայում։
Սակայն դեռ շաբաթ օրը Air Armenia–ի տնօրենի կինը` Իզաբելլա Մելքումյանը, մեղադրել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին ամուսնուն առևանգելու և նրան մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։
Նրա խոսքով` Air Armenia–ն պարտքեր ունի «Տարոն–ավիա» ավիաընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանին, որն էլ դիմել է ՀՖՖ–ի նախագահին` պարտքը վերադարձնելու հարցում օգնելու խնդրանքով։
Մելքումյանը Yerevannews.am–ին հայտնել էր, որ ՀՖՖ նախագահը իր ամուսնուն հրավիրել է Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանից ոչ հեռու գտնվող սրճարաններից մեկը։ Ավելի ուշ, ըստ նրա, Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի թիկնապահները ծեծել են Ավետիսյանին և տարել նրան ֆուտբոլային ակադեմիայից ոչ հեռու գտնվող շենք։
Այնուհետև տեղեկություն ստացվեց, որ Air Armenia–ի ղեկավարը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» համալսարանական կլինիկա։
Ֆուտբոլի ֆեդերացիան դեռ ոչ մի մեկնաբանություն չի ներկայացրել այս ամենի կապակցությամբ։
Սա առաջին անգամ չէ, որ ծեծելու հետ կապված գործում շրջանառվում են ՀՖՖ–ի հետ կապ ունեցող մարդկանց անունները։
2012 թվականի հունիսի 17–ին «Հարսնաքար» ռեստորանում միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ հաստատության անվտանգության աշխատողները դաժան ծեծի էին ենթարկել երեք զինվորական բժիշկների։ Նրանցից մեկը` բժշկական ծառայության 33–ամյա մայոր, երկու երեխաների հայր Վահե Ավետյանը, մահացել էր 12 օր անց` գիտակցության չգալով։
Միաժամանակ ուրբաթ տեղեկատվություն էր ստացվել, որ Air Armenia ավիաընկերության հաշվեկշռին ընկերության բաժնետեր, «East Prospect Fund» ներդրումային հիմնադրամից ստացվել են 68.6 մլն դոլարի պարտատոմսեր։ Իրականացված ներդրումներն «Էյր Արմենիա» ՓԲԸ–ի սեփականությունն են, որոնք կարող է տնօրինել` ելնելով անհրաժեշտությունից և դրված նպատակներից։
2014 թվականի հոկտեմբերին Air Armenia ավիաընկերության ղեկավարությունը որոշեց վերակազմավորել ֆինանսները և թռիչքների ժամանակացույցը` դադարեցնելով ավիաչվերթերը։ Ավելի վաղ ընկերությունում հայտնել էին, որ ԶԼՄ–ներում ընկերության խնդիրների մասին տարածած տեղեկությունը հանգեցրել է վաճառքների կրճատմանը 80 տոկոսով, ինչի հետևանքով հասույթը հասել է կրիտիկական նվազագույնի։
Իսկ 2014 թվականի դեկտեմբերին Air Armenia–ի բաժնետոմսերի 49 տոկոսի սեփականատեր «East Prospect Fund» ներդրումային հիմնադրամը պարտավորվել է 30 մլն դոլար ներդնել ընկերությունում և նոր ինքնաթիռներ բերել` ավիապարկի ընդհանուր թիվը հասցնելով 5 ինքնաթիռի։
Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության` 2013 թվականի ապրիլի 1–ին հայտարարած սնանկության մասին ընթացակարգից հետո Air Armenia–ն, որը նախկինում միայն բեռնափոխադրումներ էր իրականացնում դեպի ԱՊՀ–ի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի երկրներ, անցավ ուղևորափոխադրումների իրականացմանը։
«East Prospect Fund»–ն արտոնագրված ֆինանսական կառույց է, որը գրանցված է Բրիտանիայի Վիրգինյան կղզիներում և իրենից ներկայացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ներդրումային գործընկերություն։ Հիմնադրամի ակտիվների ծավալը դրա ներկայացուցիչները գնահատում են 2.5 մլրդ դոլար։ –0–
ԶԼՄ. Հարցաքննել են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին
14:46 19.08.2015 (Թարմացված է: 14:48 19.08.2015)
© Photo : ARKA news agencyПрезидент Федерации футбола Армении Рубен Айрапетян
© Photo : ARKA news agency
Բաժանորդագրվել
Հայրապետյանը պատմել է, թե կոնֆլիկտն ինչի շուրջ է եղել