ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հատուկ վերելակի օգնությամբ տիեզերք մարդկանց և բեռների տեղափոխման գաղափարը պատկանում է հանճարեղ ռուս գիտնական Կոնստանտին Ցիոլկովսկուն։ 2015 թվականին նմանատիպ կառույց ստեղծելու արտոնագիր ստացել է կանադական Thoth Technology Inc. ընկերությունը, հաղորդում է nat-geo.ru կայքը։
ԱՄՆ–ի արտոնագրային բյուրոն Thoth Technology Inc. ընկերությանը տրամադրել է ThothX Tower աշտարակի տեղադրման իրավունքը։ Աշտարակի բարձրությունը կկազմի 20 կմ` Երկրի ամենաբարձր շենքից` ՄԱԷ–ի «Բուրջ–Խալիֆ» երկնաքերից գրեթե 25 անգամ բարձր։ Աշտարակի վերևի հարթակը կդառնա մեկնարկի և օդանավերի վերալիցքավորման տեղ, ընդ որում դրանց անհրաժեշտ չի լինի էներգածախսատար արձակում ուղղահայաց դիրքում, ինչը թույլ կտա խնայել մինչև 30% վառելիք։
Որոշ թերահավատներ կարծում են, որ ներկա պահին չկան այնպիսի նյութեր, որոնք կկարողանան դիմանալ նմանատիպ բարձրության կառույցին։ Սակայն Thoth Technology Inc.–ի մասնագետները, ովքեր ներկայացրել են իրենց նախագիծը և ստացել արտոնագիր, համոզված են հաջողությանը։ Հայտնի է, որ աշտարակի որոշ մասերը կլինեն փչովի և պնևմատիկ, իսկ քամու ուժգնության ազդեցությունը թուլացնելու համար կառույցը կկահավորվի թափանիվներով։ Դա թույլ կտա ThothX Tower–ին ինքնուրույն էներգիա արտադրել։
ThothX Tower–ի նախագիը հայեցակարգային առումով տարբերվում է այլ «տիեզերական վերելակներից», որոնք մարդկությունը դիտարկում է վերջին տասնամյակների ընթացքում։ 1895 թվականին Կոնստանտին Ցիոլկովսկու արտահայտած գաղափարը հիմնված էր ճոպանի օգտագործման գաղափարի վրա, որը ձգվելու էր Երկրի (կամ ցանկացած այլ մոլորակի) մակերևույթից մինչև ուղեծրային կայան։ Մինչև այժմ չլուծված խնդիրներից մեկը ճոպանի նյութն է. այն պետք է շատ ամուր լինի։ Իսկ ԱՄՆ–ում 2005 թվականից ի վեր անցկացվում են ամենամյա Space Elevator Games մրցումներ, որոնք կազմակերպում է Spaceward հիմնադրամը` ՆԱՍԱ–ի աջակցությամբ։ Այս մրցումներում կա երկու անվանակարգ` «լավագույն ճոպան» և «լավագույն ռոբոտ» (վերելակ)։
Կանադացիները վերելակ կկառուցեն դեպի տիեզերք
11:55 19.08.2015 (Թարմացված է: 12:09 19.08.2015)
© Sputnik
/ Բաժանորդագրվել
2015 թվականին նմանատիպ կառույց ստեղծելու արտոնագիր ստացել է կանադական Thoth Technology Inc. ընկերությունը, հաղորդում է nat-geo.ru կայքը։