ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի– Sputnik. Ելենա Օբրազցովայի Х միջազգային մրցույթին կմասնակցեն Հայաստանը ներկայացնող չորս օպերային երգչուհիներ` Ադել Ազրոյանը, Սոֆյա Բաղդասարյանը, Թերմինե Զարյանն ու Սոֆյա Մելքումյանը, նշվում է մրցույթի կայքում։
Երիտասարդ օպերային երգիչների 10–րդ մրցույթն անցնում է օգոստոսի 18–25–ը Սանկտ Պետերբուրգի Դ. Շոստակովիչի անվան ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում։ Օպերային մրցույթի մասնակցության հայտ է ներկայացրել 258 վոկալիստ 19 երկրից
Ժյուրիի միջազգային կազմում ներառվել են համաշխարհային օպերային աստղեր և երաժշտական թատրոնի խոշորագույն գործիչներ Ֆյորենցա Կոսոտոն (Իտալիա), Էվա Մարտոնը (Հունգարիա), Ռիչարդ Բոնինգը (Ավստրալիա), Ռիչարդ Ռադզինսկին (ԱՄՆ), Ռոբեր Էկսպերը (Ֆրանսիա), Միգել Լերինը (Իսպանիա), Սունգ Բին Կիմը (Հարավային Կորեա), Յոհան Հոլենդերը (Ավստրիա)։ Ռուսաստանը ժյուրիի կազմում կներկայացնեն Տամարա Սինյավսկայան, Մակվալա Կասրաշվիլին և Լարիսա Գերգիևան։
Х մրցույթը նվիրված է Ելենա Օբրազցովայի հիշատակին և առաջին անգամ կանցկացվի առանց նրա մասնակցության։
Առաջին փուլում մրցույթի մասնակիցները կկատարեն երկու օպերային արիաներ, երկրորդ փուլում` ռուս և օտարերկրացի կոմպոզիտորների երկու կամերային վոկալ ստեղծագործություններ։ Օգոստոսի 25–ին տեղի կունենա երրորդ փուլը, մրցույթի հանդիսավոր փակումն ու դափնեկիրների պարգևատրման արարողությունը։
Օբրազցովայի մրցույթի մրցանակային ֆոնդը գերազանցում է 2 մլն ռուբլին։ Գրան–պրին կկազմի 700 հազար ռուբլի, առաջին մրցանակը` 500 հազար ռուբլի, երկրորդը` 350 հազար և երրորդը` 250 հազար ռուբլի։
Օբրազցովայի մրցույթի ընթացքում առաջին անգամ կկազմակերպվի վոկալ մրցույթի առցանց հեռարձակում YouTube–ում Ելենա Օբրազցովայի հիմնադրամի պաշտոնական ալիքում, Հիմնադրամի և Օբրազցովայի մշակութային կենտրոնի պաշտոնական կայքերում, ինչպես նաև սոցցանցերում։
Հայաստանը ներկայացնող չորս օպերային երգչուհիներ մասնակցում են Ելենա Օբրազցովայի մրցույթին
© Sputnik / Олег Макаров
/ Բաժանորդագրվել
Ելենա Օբրազցովայի մրցույթը կհեռարձակվի առցանց YouTub–ում և սոցցանցերում