ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Air Armenia ավիաընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանի կինը` Իզաբելա Մելքումյանը, բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` պաշտպանության խնդրանքով։
Հայկական ԶԼՄ–ների տեղեկացմամբ` Air Armenia ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին առևանգել և ծեծի են ենթարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները։
«Sputnik-Արմենիա» պորտալին տրամադրած բաց նամակում, որի կրկնօրինակն ուղղվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին, տուժածի կինը նկարագրում է միջադեպի մանրամասները։
Մասնավորապես, Մելքումյանը հայտնում է ամուսնուն դաժան ծեծի ենթարկելու և առևանգման մասին, այդ թվում` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից։ Նրա խոսքով` մի խումբ զինված անձինք ճնշում են գործադրել Ավետիսյանի վրա` Հայրապետյանին պարտքի մասին գրություն գրելու վերաբերյալ։
«Նրանք սպառնացել են, որ առանց այդ թուղթը ստորագրելու ազատ չեն արձակի։ Միայն որոշ լրատվամիջոցների զանգից հետո են ազատ արձակել։ Դիմել եմ իրավապահ մարմիններին, սակայն մտահոգված եմ ամուսնուս, ով այժմ գտնվում է հիվանդանոցում, և մեր ընտանիքի անդամների անվտանգությամբ»,– գրում է Մելքումյանը։
Նամակում նա խնդրում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` ապահովել իր ամուսնու և ընտանիքի անվտանգությունը։
Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Ավետիսյանը Երևանի հիվանդանոցներից մեկում է` «քթի ոսկրերի կոտրվածք աննշան թեքվածությամբ» ախտորոշումով։
Երևանի Ոստիկանության մամուլի ծառայությունից հաստատեցին, որ Air Armenia ավիաընկերության տնօրենին մարմնական վնասվածքներ հասցնելու փաստով քննություն է տարվում։ Ինչպես նշում է ոստիկանության աղբյուրը, քրեական գործ առայժմ չի հարուցվել։
ԶԼՄ–ների տվյալներով` առճակատումը սկսվել է այն ժամանակ, երբ «Տարոն–ավիա» ավիաընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանը դիմել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին` խնդրելով վերադարձնել «Air Armenia»–ի պարտքը։
Ֆուտբոլի ֆեդերացիան առայժմ այդ տեղեկությունը չի մեկնաբանել։
Սա առաջին միջադեպը չէ, որտեղ հնչում են Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի «մարդկանց» անունները։
2012 թվականի հունիսի 17–ին «Հարսնաքար» ռեստորանում միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ հաստատության անվտանգության աշխատողները դաժան ծեծի էին ենթարկել երեք զինվորական բժիշկների։ Նրանցից մեկը` բժշկական ծառայության 33–ամյա մայոր, երկու երեխաների հայր Վահե Ավետյանը, մահացել էր 12 օր անց` գիտակցության չգալով։
Միաժամանակ, ուրբաթ հաղորդում է ստացվել, որ Air Armenia ավիաընկերության հաշվեկշռին դրա բաժնետեր, «East Prospect Fund» ներդրումային հիմնադրամից ստացվել են 68.6 մլն դոլարի պարտատոմսեր։ Իրականացված ներդրումներն «Էյր Արմենիա» ՓԲԸ–ի սեփականությունն են, որոնք կարող է տնօրինել` ելնելով անհրաժեշտությունից և դրված նպատակներից։
2014 թվականի հոկտեմբերին Air Armenia ավիաընկերության ղեկավարությունը որոշեց վերակազմավորել ֆինանսները և թռիչքների ժամանակացույցը` դադարեցնելով ավիաչվերթերը։
«East Prospect Fund»–ն արտոնագրված ֆինանսական կառույց է, որը գրանցված է Բրիտանիայի Վիրգինյան կղզիներում և իրենից ներկայացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ներդրումային գործընկերություն։ Հիմնադրամի ակտիվների ծավալը դրա ներկայացուցիչները գնահատում են 2.5 մլրդ դոլար։
Air Armenia–ի` ծեծի ենթարկված սեփականատիրոջ կինն օգնություն է խնդրել Հայաստանի նախագահից
Բաժանորդագրվել
Ավետիսյանի կինը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահին, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին, Ոստիկանապետին, գլխավոր դատախազին և Օմբուդսմենին` իր ընտանիքի անդամներին պաշտպանելու խնդրանքով