ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Հայաստանը երբևէ չի կարողացել համաշխարհային քաղաքականության վրա այնպիսի ազդեցություն ունենալ, ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Ինչպես «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հենց այն գործիքն էր, որի միջոցով հայ ազգը բացառիկ համախմբում ցուցաբերեց:
«Մենք համազգային կարևորության այլ թեմաներ ևս ունեն, բայց երբևիցե նման համախմբում, միջազգային նման սփռում, համաշխարհային քաղաքականության վրա նման ազդեցություն չենք կարողացել գործել: Այն դարձավ համազգային գործ: Այս համախմբումը ցույց տվեց, որ մենք ունենք միասնական ներուժ, և այդ միասնական ներուժն օգտագործեցինք խաղաղ պայմաններում: Հայտնի է, որ պատերազմի ժամանակ հասարակությունը համախմբվում է, բայց մենք ցույց տվեցինք, որ խաղաղ պայմաններում ևս կարող ենք համազգային նման մոբիլիզացիա իրականացնել»,-ընդգծել է նա: Բնական է, նման համախմբումը բանախոսը ուրախալի է համարում, սակայն նաև նկատում է, որ «եթե ունենք նման ռեսուրսներ և հնարավորություններ, ապա ինչու դրանք չենք օգտագործում այլ ոլորտներում ևս»:
Հարյուրամյակի միջոցառների արդյունքում ձեռք բերվեց քաղաքական կապիտալ և քաղաքական ներուժ: Այնուհանդերձ, եթե չշարունակվի հետևողական աշխատանքը, ապա, ըստ բանախոսի, քաղաքական այդ կապիտալի մեկ տարում հօդս կցնդի: «Քաղաքական հոյակապ արդյունքներ, խորհրդարանական քննարկումներ, ֆանտաստիկ գիտական ձեռքբերումներ: Մենք փաստեցինք, որ համաշխարհային գիտությունը կոնսենսուսի մեջ է. Հայոց ցեղասպանության հարցում որևէ կասկած կամ վեճ գոյություն չունի»,-ուրախությամբ փաստում է նա:
Ի՞նչ է վկայում ներկա լռությունը: Սուրեն Մանուկյանը նշում է, որ այնքան ուժ և եռանդ է ծախսվել այդ ամենի վրա, որ այս լռությունը միանգամայն բնական է: «Բոլորս էլ սպասում էինք, որ ապրիլի 24-ին հաջորդելու է ապրիլի 25-ը, և լինելու է անկում, ինչն էլ եղավ, և դա նույնիսկ լավ է: Բայց հուսով եմ, որ տեղեկատվական, հանրային փուլը տեղափոխել ենք ամենօրյա, չերևացող, մանրակրկիտ աշխատանքի փուլ»,-ասել է նա:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը չի ավարտվել, այն տևական գործընթաց է: Ինչպես հավելում է բանախոսը՝ Հայոց ցեղասպանության հարցը՝ հստակ իրավական հարց չէ, այն առավելապես քաղաքական է: «Իսկ քաղաքական պահանջը շատ դեպքերում ապացուցողական բազայի վրա չի հենվում, այն հենվում է քաղաքական ճնշման վրա: Երբ դու կարողանում ես այն աստիճանի քաղաքական ճնշում գործադրել և քաղաքական կարևորագույն խաղացողների շահերը մեկտեղել: Հայոց ցեղասպանության հարցը հենց այդպիսինն է»,-հավելել է Մանուկյանը:
Այս քաղաքական ճնշումը, նրա ընկալմամբ, ունի երկու հիմնական նպատակ: Առաջինը՝ երազանքի նման հեռավոր նպատակը՝ հայրենիքի վերադարձը: «Այդ իդեալին հասնելու համար բոլորս պետք է աշխատենք, յուրաքանչյուրս մեր տեղում: Երկրորդ կարևոր կետը՝ մեր ազգային անվտանգության ապահովումն է, որին սպառնացող վտանգը Թուրքիան է: Ես մեծապես համոզված եմ, որ Թուրքիան մնում է մեր թիվ մեկ հակառակորդը, և Թուրքիան մեզ ընկալում է որպես թիվ մեկ թշնամի: Նման պայմաններում մեր անվտանգությունն ապահովված չէ: Եթե մենք սա գիտակցում ենք Ադրբեջանի պարագայում, ապա Թուրքիայի պարագայում հաճախ մոռանում ենք»,-շեշտադրել է Սուրեն Մանուկյանը:
Հետևաբար Հայոց ցեղասպանության հարցի բարձրացումը աշխարհի տարբեր խորհրդարաններում, Թուրքիայի նկատմամբ մշտական ճնշումները բարձրացնում է ազգային անվտանգությունը: «Քանի որ ճնշման նման պայմաններում Թուրքիան շատ ավելի քիչ ներուժ կօգտագործի Հայաստանի դեմ, շատ ավելի զգուշավոր կլինի Հայաստանի հետ հարաբերություններում»,-վստահեցրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը:
Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում հայ ազգը բացառիկ համախմբում ցուցաբերեց. Սուրեն Մանուկյան
© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցВечный огонь Мемориала жертв геноцида армян "Цицернакаберд"
© Sputnik / Владимир Федоренко
/ Բաժանորդագրվել
Մենք ցույց տվեցինք, որ խաղաղ պայմաններում ևս կարող ենք համախմբվել