Աստվածածնի վերափոխման տոնին օրհնվում է խաղողը և ողջ բերքը: Բացի եկեղեցական ծեսից, մարդիկ այս օրը ուխտագնացություն էին կազմակերպում և զոհաբերություն մատուցում: Հայ առաքելական եկեղեցին Աստվածածնի վերափոխման տոնը նշում է օգոստոսի 15–ին մոտ կիրակի օրը:
Աստվածածնի վերափոխման տոնը Հայ առաքեկայան եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Հայերի համար Աստվածամոր կերպարը ոչ միայն հնազանդության և խոնարհության, այլ նաև խիզախության, պայքարի, համբերության և աստվածային զորության խորհրդանիշ է:
Որոշ եկեղեցիներում տոնական ժամերգությունից հետո կազմակերպվել են բարեգործական միջոցառումներ, հյուրասիրություններ, ելույթ են ունեցել ժողովրդական երգի և պարի համույթները, երգչախմբերը, երաժշտական դպրոցների և մշակույթի տների աշակերտները։
Աստվածաշնչում Աստվածածնի մասին լուրերը կցկտուր են, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես և Վերափոխման պատմությունը, պահպանվել և մեզ են հասել Եկեղեցու սուրբ ավանդության շնորհիվ։
Ավանդույթի համաձայն, Սուրբ Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում` Հովհաննես ավետարանիչի խնամքի ներքո։ Մոտ 12 տարի Աստվածամայրն այցելել է իր Որդու գերեզմանին և անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ Գաբրիել հրեշտակապետը նրա` երկինք համբարձման մասին բարի լուրն է բերում։












