ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի– Sputnik. «Մեղրի և հատապտուղների փառատոնը» կանցկացվի օգոստոսի 16–ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում, հինգշաբթի լրագրողներին ասաց փառատոնի կազմակերպիչ, «Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամի» տնօրեն Հայկ Չոբանյանը։
Նրա խոսքով` միջոցառման նպատակն է Հայաստանը հայտնի դարձնել աշխարհում և զարգացնել երկրի զբոսաշրջությունը։
«Ահա արդեն չորրորդ տարին շարունակ մենք կազմակերպում ենք «Մեղրի և հատապտուղների փառատոնը»` մեր երկրում հիմնական փառատոներից մեկը։ Տավուշը հայտնի է որպես սահմանամերձ շրջան, որտեղ անընդհատ կրակոցներ են հնչում։ Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ Բերդում, ինչպես նաև Տավուշի մարզի այլ գյուղերում և քաղաքներում բնակվում են խաղաղ մարդիկ, ովքեր ցանկանում են աշխատել իրենց հողում»,– նշեց նա։
Կազմակերպիչների խոսքով` այցելուները կարող են համտեսել համեղ մեղր, հազվագյուտ պտուղներ և հատապտուղներ, որոնք քիչ են հանդիպում Հայաստանի այլ մարզերում, ինչպես նաև ավանդական հայկական խոհանոցի ուտեստներ։
Նրանք հնարավորություն կունենան ծանոթանալ հայ արհեստավորների աշխատանքներին և դիտել ազգային երգ ու պարի համույթների ելույթները։
«Մենք ձգտում ենք խթանել Տավուշի տնտեսական զարգացումը, տեղական արտադրանքի` մեղրագործության և հատապտղային կուլտուրաների արտադրությունը, աջակցել գործարար միջավայրի զարգացմանը, բարենպաստ պայմաններ ստեղծել զբոսաշրջության զարգացման համար»,– հայտարարեց Չոբանյանը։
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսքով` այցելուները կկարողանան հետևել արտադրական գործընթացներին, ինչպես նաև` ներկայացված արտադրանքից տարբեր ճաշատեսակների պատրաստմանը։
«Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության տնօրեն Նունե Սեդրակյանն իր հերթին նշեց, որ «Մեղրի և հատապտուղների փառատոնը» տարածաշրջանի ամենագլխավոր միջոցառումն է։
«Դա տոն է տեղի բնակիչների համար։ Նրանց հետ շփվելը, փառատոնին մասնակցելը բարոյական աջակցություն է և համերաշխության արտահայտություն սահմանամերձ շրջանի բնակիչների հետ»,– նշեց նա։
Միջոցառումը կազմակերպել են «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում», «Կանաչ արահետ», «Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամ» և «Սահման» հասարակական կազմակերպությունները։
Տավուշի փառատոնում կներկայացվեն հայկական հատապտուղներն ու մեղրը
© Sputnik / Егор Еремов
/ Բաժանորդագրվել
Փառատոնի մասնակիցները կարող են հայկական մեղր, հատապտուղներ և ազգային ուտեստներ համտեսել, դիտել պարային համույթների ելույթները