ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Իրանը չի կարող միանշանակորեն աջակցել Հայաստանին կամ միանշանակորեն աջակցել Ադրբեջանին, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, իրանագետ Մհեր Բաղդասարյանը:
Նրա խոսքով` Իրանի հետ հարաբերությունների և ընձեռվող հնարավորությունների առումով ակնհայտ է Հայաստանի արտաքին քաղաքական պասիվությունը: Ըստ նրա՝ Իրանի վեկտորն առաջնահերթ կապված է երկրի անվտանգության հետ, և այդ վեկտորը կարող է շեղվել՝ ըստ աշխարհաքաղաքական զարգացումների անվտանգության պահանջների:
«Այս պարագայում պետք է նշել, որ Իրանի վեկտորն ավելի շատ ուղղված է դեպի Հայաստան: Ականատես ենք լինում նաև թուրքական տարբեր նախագծերի, թուրք-ադրբեջանական տանդեմի որոշակի ծրագրերի կամ գործողությունների՝ հաջողված կամ չհաջողված: Վերջին շրջանում խաղի մեջ է մտել Վրաստանը», — նշել է նա:
Ինչո՞ւ Իրանին ձեռնտու չէ Ադրբեջանը էներգակիրների տարանցման կամ այլ հարցերում: Իրանագետն իր իսկ հարցադրմանը պատասխանում է՝ Ադրբեջանում պայթյունավտանգ իրավիճակ է: «Այսինքն Ադրբեջանում ցանկացած խմորումի, ցանկացած խնդրի առաջացման դեպքում, երկիրն ուղղակիորեն կարող է կանգնել մասնատման առջև: Հետևաբար ներդրումներ անել մի գոտում, որտեղ ռիսկային գործոնը բարձր է, բնական է, ձեռնտու չէ», — ասել է բանախոսը:
Իրան-Ադրբեջան հարաբերություններում, իհարկե, կան տարաձայնություններ, որոնք հիմնականում առաջացել են Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ Ադրբեջանն ինքնուրույն որոշեց իր արտաքին քաղաքական վեկտորը: Այնուհանդերձ, Մհեր Բաղդասարյանը նկատում է, որ սահմանադրորեն Ադրբեջանն Իրանի համար առաջնային տեղում է:
«Սահմանադրությամբ իսլամական բոլոր երկրները եղբայրական հանրապետություններ են, իսկ Հայաստանը համարվում է ուղղակի բարեկամ երկիր», — ընդգծել է նա:
Իրանը և Ադրբեջանը շիա մահմեդական երկրներ են, բայցևայնպես Իրանը բազմիցս մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին՝ տարբեր պատճառներով: Իրանը չի կարող միանշանակորեն աջակցել Հայաստանին կամ միանշանակորեն աջակցել Ադրբեջանին։ «Իրանը չի կարող թուլացնել իր դիրքերը, այդ երկիրը իսլամական աշխարհում դոմինանտ դեր ունենալու խնդիր ունի, բայց նաև չի ցանկանում առավելություն տալ Ադրբեջանին և Թուրքիային»,-ասել է Բաղդասարյանը:
Հայ-իրանական հարաբերությունները, իրանագետն ավելի քիչ է կապում պատժամիջոցների վերացման հետ: Բացի դրանից, պատժամիջոցների վերացմանը նա շատ կասկածանքով է վերաբերում: «Այդ բարձրացված աղմուկը՝ «դարի պայմանագիր», «դարի համաձայնություն», իրականում, այնքան էլ այն չէր, ինչ տեղի ունեցավ: Ուղղակի նպատակ էր դրված լրատվամիջոցների միջոցով այդ գործարքը ներկայացնել որպես «դարի համաձայնություն», բայց փաստացի Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ն իր ձեռքում է պահել համաձայնագիրը ցանկացած պահի «հեչ» անելու հնարավորությունը»,-համոզմունք է հայտնել Մհեր Բաղդասարյանը:
Իրանագետ. Իրանը չի կարող միանշանակորեն աջակցել Հայաստանին կամ միանշանակորեն աջակցել Ադրբեջանին
© SputnikИран
© Sputnik
Բաժանորդագրվել
Իրանը չի կարող թուլացնել իր դիրքերը, այդ երկիրը իսլամական աշխարհում դոմինանտ դեր ունենալու խնդիր ունի, բայց նաև չի ցանկանում առավելություն տալ Ադրբեջանին և Թուրքիային