Գյումրիում չորեքշաբթի տեղի ունեցավ Հինգերորդ ռուսական կայազորային դատարանի նիստը ՌԴ 102–րդ ռազմակայանի շարքային զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ։ Նա մեղադրվում է դասալքության և զենքի հափշտակման մեջ։ Դիտեք դատական նիստի կադրերը։
Պերմյակովը նաև մեղադրվում է Գյումրիում յոթ հոգուց բաղկացած ընտանիքի սպանության մեջ, որը կատարվել է 2015 թ.–ի հունվարին։ Սպանության մասին քրեական գործը վարում են առանձին վարույթում, այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեին։ Այս գործով դատական նիստի օրը դեռ հայտնի չէ։
Դատարանը հարցրել է. «Դուք ձեզ մեղավոր համարու՞մ եք, ճի՞շտ են ներկայացված ցուցմունքները»։ Մեղադրյալն ասել է. «Այո, ես ամեն ինչ հաստատում եմ»։ Նա հրաժարվել է ցուցմունք տալ։
Այնուհետև ընթերցել են ամբաստանյալի այն ցուցմունքները,որոնք նա տվել է հարցաքննությունների ժամանակ։ Ըստ այդ ցուցմունքների, նա ցանկացել է փախչել Ռուսաստան և որևէ մեկին սպանելու մտադրություն չի ունեցել։
Հինգերորդ կայազորային զինվորական դատարանը ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։
Պերմյակովին մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ ՔՕ 338–րդ հոդվածի 2–րդ մասով, 226–րդ հոդվածի 3–րդ մասի «բ» կետով և 222–րդ հոդվածի 1–ին մասով («դասալքություն», «զենքի հափշտակում» և «զենքի անօրինական կրելը»)։ Ա.Թ.